Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ԳԱԱ նախագահության բաց տարածքում այսօր կազմակերպել էր «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» խորագրով ՌԴ բուհերի ցուցահանդեսը։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցության լայն շրջանակը, մասնավորապես՝ ուսանողական փոխանակման ծրագրերը, կրթության և գիտատեխնիկական ոլորտներում գործակցության ընդլայնումը և համատեղ միջոցառումների իրականացումը նախարարության առաջնահերթություններից են:
«Կրթատեղեկատվական ցուցահանդեսները լավագույն հարթակներն են՝ ամրապնդելու մեր սերտ համագործակցությունը և նախանշելու նոր նախագծեր: Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի շնորհիվ վերջին տարիներին ավելացել է կրթագիտական համատեղ նախագծերի քանակը, ստեղծվել են նախադրյալներ՝ բուհերի և բիզնեսի համագործակցության համար, որն էլ անշուշտ նպաստում է երկու երկրների կրթության և գիտության ոլորտների զարգացմանը: Նման միջոցառումները նաև հնարավորություն են տալիս աշակերտներին, դիմորդներին, ուսանողներին, ինչպես նաև գիտաշխատողներին իրենց ներդրումն ունենալ երկու երկրների կրթագիտական ոլորտների զարգացման մեջ»,- նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին:
Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել են նաև ԳԱԱ ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Մաքսիմ Սելեզնյովը: Վերջինս բարձր է գնահատել կրթության և գիտատեխնիկական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը և համատեղ նոր նախագծերի իրականացումը՝ դասախոսների վերապատրաստման և ուսանողների շարժունության տեսանկյունից:
Նա հատկանշական է համարել, որ ցուցահանդեսն անցկացվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և «ՀՀ և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի» ստորագրման 25-ամյակը նշանավորող հոբելյանական տարում:
Այդ կապակցությամբ կրթության և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության մեջ ներդրման համար կրթության ոլորտի մի շարք գործիչների հանձնվել են ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության մեդալներ: Գերատեսչական մեդալներով պարգևատրվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Թեքեյան մշակութային կենտրոնի» տնօրեն Ռուբեն Միրզախանյանը, ՀՀ մի շարք այլ բուհերի և ՌԴ մասնաճյուղերի աշխատակիցներ:
Երկօրյա ցուցահանդեսի ընթացքում ՀՀ դպրոցների ավագ դասարանների աշակերտները, ինչպես նաև ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու ՌԴ 10 առաջատար բուհերի և ՀՀ-ում գործող ՌԴ բուհերի երեք մասնաճյուղերի կրթական և գիտական ներուժին, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանի բուհերում անվճար սովորելու ծրագրերին: