Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը ադրբեջանական կայքերում տարածվող քարտեզն է ցույց տալիս՝ իբր 1918-1920 թթ., որոնցում Հայաստանի մի մասը ներկայացված է Ադրբեջանի տարածքում: Բնորոշումը կարճ է. «Սա հնարովի քարտեզ է»:
Մանրամասնում է՝ Ադրբեջանի պատվերով և ներքին լսարանի համար գծված՝ պաշտոնական այսպիսի որևէ քարտեզ գոյություն չունի:
Ռուբեն Գալչյան (քարտեզագետ ) - Նույնիսկ ծիծաղելի է այս քարտեզը ներկայացնելը: Մենք էլ 1919 թ. քարտեզ ունենք, Սևրի հանդիպման ժամանակ այս քարտեզն ենք ներկայացրել, Արևելյան շրջանի, և այս քարտեզի շուրջ քննարկում եղավ: Այսինքն՝ սա երևացել է, օտարները տեսել են, բանակցության ենթակա է եղել, Սյունիք, Արցախ, ամբողջը Հայաստան է, ապա իրենց քարտեզը երբեք ոչ մեկ չի տեսել:
Ադրբեջանի ձեռագիրը նույնն է նաև հարևան մյուս երկրների նկատմամբ՝ նկատում է քարտեզագետը, փաստում օրինակներով:
Ռուբեն Գալչյան - Պարսկական Ատրպատական նահանգը, որ ամբողջ հարավային տարածքն է, այդ տարածքը Ադրբեջանը ասում է՝ մեր երկիրն է, քանի որ անունը Ադրբեջան է, մոռանում են, որ իրենք են այդ երկրամասի անունը վերցրել ու դրել իրենց վրա, քանի որ իրենց անունը պիտի դնեին Հարավարևելյան Մուսուլման Հանրապետություն:
Եթե Ադրբեջանին չսանձեն, Վրաստանի կեսն էլ կուզի, արդեն փորձել է՝ ընդգծում է Գալչյանը:
Ռուբեն Գալչյան - Ազգային լիգային ներկայացրին Ադրբեջանի գծած քարտեզ, որը, հավանաբար, սրա նման էր, և մերժեց Ազգային լիգան:
Հայաստանի Հանրապետության առաջին տպագիր քարտեզն է ցույց տալիս՝ ներկայացվել է Խորհրդային հանրագիտարանում, երրորդ հատորում:
Այս քարտեզի վրա որևէ անկլավ չունի, 31 000 կմ-ից ավել, անկլավները 30-ից հետո տվեցին, կանաչ կետերը այն շրջաններն են, որ Ադրբեջանը յուրացրեց: Պատճառներից հիմնականը Կարմիր Քրդստան նահանգ ստեղծելն էր:
Եթե Խորհրդային Միության տարիների քարտեզները չի ընդունում, ապա պետք է հաշվի առնի՝ այս տարածքները հենց այդ ժամանակահատվածում են իրեն անցել, այդ թվում՝ անկլավները: 1926-ից հետո, մինչև 1940-ականներին է Հայաստանի տարածքը 31 հազարից դարձել 29 800 կմ քառակուսի՝ աստիճանաբար, կտոր-կտոր: Իսկ արդեն այսօրվա սահմանները հաստատող քարտեզները վավերացված են 2 երկրի իշխանության կողմից:
Ռուբեն Գալչյան - Իրենց վավերացրած քարտեզներով ներխուժել են մեր սուվերեն տարածք:
Դրանք վավերացվել 1969-70 թթ., վերջին անգամ, երբ անկախացան, էդ սահմաններով անկախացան, չասացին՝ ուրիշ սահմաններ ունենք, դրանից հետո չեն կարող ասել՝ 1918 թ. ասել ես՝ դա եմ ուզում: Հետո՝ հետաքրքիրն այն է, որ 1918-ին ծնված երկիրը 1918-ի քարտեզ է ներկայացնում ու այդպես յուրացնում հարևան երկրի տարածքը:
Գալչյանի խոսքով՝ խորհրդային տարիներին պաշտոնապես հաստատված որևէ այլ քարտեզ չկա, որով կվիճարկվի Հայաստանի 29 800 կմ քառակուսին. որն էլ սահմանազատման-սահմանագծման գործընթացում լինի բանակցությունների սեղանին: Քարտեզագետն իր առաջարկն ունի:
Ռուբեն Գալչյան - Մենք պետք է սկսենք այս քարտեզներից, բայց մեր նպատակը պետք է լինի հետ գնալ-հասնել 26 թ. քարտեզին, որտեղ ո՛չ անկլավ կա, ո՛չ այս տարածքներն են տրված Ադրբեջանին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան