«Ես հավատում եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը: Ես գնահատում եմ այս ուղղությամբ Շառլ Միշելի աշխատանքը։ Ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ անցկացվել են եռակողմ հանդիպումներ, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտենում խաղաղությանը»,- քառակողմ բանակցություններից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները ևս մեկ անգամ պետք է հանդիպեն առաջիկայում, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու կողմերի աշխատանքային խմբերը հանդիպեն ու մի քանի օրվա ընթացքում զբաղվեն խաղաղության պայմանագրի տեքստի մշակմամբ»,- ասել է նա:
Ալիևը տեղեկացրել է, որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են կարևոր հարցեր, կարծիք հայտնել, որ այս հանդիպումը խաղաղության պայմանագրի մշակման հարցում կարևոր նշանակություն կունենա:
«Այդուհանդերձ, շփումները շարունակվում են: Մենք պայմանավորվել ենք ընթրիքից հետո նորից հանդիպել բոլորով: Խաղաղության գործընթացն արդեն խթան է ստացել»,- ասել է նա:
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ: