Բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարարական գաղափարներ ունեցող ստարտափները մեր երկրում օր-օրի ավելանում են։ Նրանց զարգացմանն ու առաջընթացին է ուղղված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն է ընձեռում նորաստեղծ կազմակերպություններին՝ վճարել ընդամենը 10% եկամտահարկ և ազատվել շահութահարկից։
Օրենքի ընդունումից մինչ օրս՝ 2015-2022 թթ. սեպտեմբերի 26-ի տվյալներով, ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից արդեն օգտվել է 2049 կազմակերպություն։
2022 թվականը աննախադեպ է դիմումների և տրամադրվող հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021 թթ. ընթացքում հարկային արտոնության հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն, ապա միայն 2022 թ.՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ, հավաստագրված ընկերությունների թիվը 1039 է, որից 716-ը օտարերկրյա կազմակերպություններ են։ 195 կազմակերպություն էլ արդեն իսկ հավաստագիր ստանալու դիմում է ներկայացրել, որոնց հայտերը կքննարկվեն առաջիկա նիստերում։
Հարկային արտոնություն ստանալու համար դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում օրենքով սահմանված հետևյալ ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում, էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, Web ծրագրավորում, ինժեներիա, ինտեգրալային սխեմաների նախագծում, չիպերի ծրագրավորում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում և այլն: