Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին առաջադրվելով ոչ թե որևէ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի դաշինքից:
Նախագահի կարծիքով՝ դա «հնարավորություն կտա հաստատել տարբեր կուսակցություններից ու միավորումներից պետության ղեկավարի հավասար հեռավորության սկզբունքը», որը երկրի սահմանադրությունում հաստատվեց հունիսին՝ Ղազախստանում կայացած հանրաքվեից հետո։
Ապրիլի վերջին Տոկաևը լքեց իշխող «Ամանաթ» (նախկին Նուր Օթան) կուսակցությունը, որը նա գլխավորել էր 2022 թվականի հունվարի վերջին՝ երկրում տեղի ունեցած անկարգություններից հետո։
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին։ Նոր կանոնների համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնավարել միայն մեկ անգամ, իսկ նախագահական ժամկետը կկազմի յոթ տարի։ Թեկնածուների առաջադրումը սկսվել է սեպտեմբերի 23-ին և կտևի մինչև հոկտեմբերի 11-ը։