ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետությունը, իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան, այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով, գիտակ, իրավագիտակից, պատասխանատու, նորարար, ստեղծագործական մեծ ավյունով լի երիտասարդներով, որոնք պատրաստ են կառուցելու իրենց ընդհանուր տունը՝ ապավինելով գիտելիքի ուժին, որոնք պատրաստ են դառնալու խաղաղության, համերաշխության և բարության ջատագովները մեր երկրում և համայն աշխարհում։
Դժվարին, պատասխանատու, սակայն միևնույն ժամանակ պատվաբեր այս գործի ջահակիրները նաև դուք եք, սիրելի՛ ուսուցիչներ, քանզի դուք են այն առաջնային օղակներից մեկը, որից սկսվում է անհատի սոցիալիզացիան: Դպրոցն է անձի գիտելիքի, հոգեկերտվածքի, անձնական որակների դարբնոցը: Դպրոցը և ուսուցիչն են աշակերտին մասնագիտության ընտրության առումով կողմնորոշողն ու ուղղորդողը: Դպրոցում ստացած առաջնային գիտելիքն է զարգացած գիտության նախադրյալը:
Հայաստանի Հանրապետության Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել երկրի կայուն զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Գիտելիքի և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները միտված են քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը:
Սիրելի՛ ուսուցիչներ,
Կրթության և դրանում ուսուցչի դերի մասին կարելի է խոսել շատ երկար, սակայն ամփոփելով ուզում եմ փաստել, որ դուք պետության հատուկ հոգածության և ուշադրության ներքո եք: Խորին շնորհակալությունս ձեր նվիրումի, արհեստավարժության, համբերության, լույսի և գիտության ջահակիր լինելու դժվարին առաքելության համար»,- ասված է ուղերձում: