ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ բանակցային պրոցեսին ու շեշտեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ժամանակին Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:
«Մարդիկ կան, ովքեր մեզ մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար: Ուզում եմ էլի հստակ արձանագրեմ՝ արդյոք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչե՞լ է Ադրբեջանի կազմում, և ո՞ր իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:
Այո՛, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ, որովհետև այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:
Ավելին ասեմ, Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ, և Հայաստանի Հանրապետությունը Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչև այսօր: Մենք պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունները մենք, հնարավոր է` երբեք չկարողանանք հաղթահարել: Մենք հիմա փորձում ենք հաղթահարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանն են ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, այլև Հայաստանի Հանրապետությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան: Եվ դա տեղի է ունեցել 2007 թվականին: Դա եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը:
Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:
Ռոբերտ Քոչարյանն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ Լեռնային Ղարաբաղը դուրս թողնելով 1998 թվականին բանակցային գործընթացից և 1999 թվականի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ Անվտանգության ստամբուլյան խարտիան:
Արդյոք մենք պայքարե՞լ ենք այդ որոշումների դեմ, որպեսզի այդ որոշումները կարողանանք հետ պտտել: Այո՛, մենք պայքարել ենք, և բոլորդ եք տեսել, թե մենք ինչպես ենք պայքարել: Արդյոք հաջողե՞լ ենք: Ո՛չ, չենք հաջողել, ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու: Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն այն է, որ ես ասել եմ՝ Արցախը Հայաստան է և վերջ:
1990 թվականի Հայաստանի Անկախության հռչակագրի Նախաբանում հղում է արված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզային խորհրդի որոշումներին: Փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինձ ամենամեծ քննադատությունն ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ մեր իշխանությունը ստանձնելու և այդ հայտարարությունն անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ նախորդ բոլոր բանակցողների կողմից:
Հիմա մենք, այս ամեն ինչի միջով անցնելով, եկել, ասել ենք, որ որդեգրում ենք խաղաղության օրակարգ: Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ, և հաստատում եմ, որ այն, ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, ես այդ բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում, ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունն այս օրակարգը կյանքի կոչելու համար: Ես գնում եմ այդ ճանապարհով, բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ գնալու: Սա է ամենակարևոր արձանագրումը: Համոզված եմ՝ մե՛նք ենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ, նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանական մեծամասնությանը, այլև ժողովրդին»,- ասաց ՀՀ վարչապետը: