Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հայերը Լեռնային Ղարաբաղի տարածքում 65 մզկիթ են ոչնչացրել, իրականությանը չի համապատասխանում՝ նշում է պատմաբան Համլետ Պետրոսյանը՝ որպես ապացույց ներկայացնելով տասնամյակներ առաջ հենց ադրբեջանցի գիտնականների կազմած ցանկը այդ տարածաշրջանում գոյություն ունեցող մզկիթների մասին:
Համլետ Պետրոսյան (պատմաբան, Monument Watch կայքի համահիմնադիր) - Եթե վերցնենք անցած դարի 60-80-ական թվականներին ադրբեջանական կողմի կազմած հուշարձանների ցանկերը, այնտեղ, միանշանակ, նման թվեր չկան, և հիմնականում ներկայացված են այն մզկիթները, որոնք այսօր էլ բավականաչափ հայտնի են, դրանք Շուշիի կառույցներն են, Ակնայի մզկիթն է:
Արցախյան առաջին պատերազմից հետո հայերը ոչ միայն չեն ավերել մահմեդական կոթողները, այլև դրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք են ունեցել: Մահմեդական կառույցների գերակշիռ մասը դամբարաններ են, դրանք ներկայացված են Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման «Մոնյումենտս վոթչ» կայքում: Համլետ Պետրոսյանը կազմել է Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող շուրջ 70 մահմեդական հուշարձանների ցանկ, որին կցված են տարբեր ժամանակաշրջաններում կառուցված կոթողների ներկայիս լուսանկարները:
Համլետ Պետրոսյան - Այսօրվա տեսքը, տեսքը` 60-ական թվականներին, ժամանակը, անվանումը այնպես, ինչպես ադրբեջանականում է, և կարող եք տեսնել, թե այդ հուշարձանների վիճակն ինչպիսին է:
Պետրոսյանը պատմությունը խեղաթյուրելու փորձ է համարում Իլհամ Ալիևի պնդումը, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում կառուցված մզկիթներն ադրբեջանական են: Պատմաբանը նշում է՝ դրանք եղել են խայտաբղետ էթնիկ կազմ ունեցող շիա մահմեդականների կրոնական հավաքատեղիներ:
Համլետ Պետրոսյան - Այդ եկեղեցիները միանշանակ միավորել են այդ ժամանակ հավատացյալներին, հատկապես պարսկալեզու, քրդաբնակ, իհարկե, ներառյալ նաև թաթարական բնակչությանը: Այսինքն՝ այդ ամենը վերանվանել «ադրբեջանական», նշանակում է ուղղակի խեղաթյուրել իրական պատմական իրողությունները: Իհարկե, դրանք ադրբեջանական չեն, ինչպես կարող են դրանք ադրբեջանական լինել, երբ չկար նույնիսկ նման անվանում՝ ադրբեջանցի:
Ադրբեջանը ոչ միայն խմբագրում է Արցախի պատմությունը, այլև դրանից փորձում է վերացնել հայկական հետքը: Ալիևի իշխանությունը կա՛մ քանդում է հայկական կոթողները, կա՛մ դրանք փորձում ներկայացնել որպես աղվանաուդիական:
Համլետ Պետրոսյան - Վստահորեն գիտենք այն գերեզմանոցները, որոնք նրանք ճանապարհ կառուցելու պատրվակով ավերել են. դրանք մոտավորապես 10-ին մոտ են, ինչի մասին մենք գիտենք: Դրանց մեջ, երևի, 200-ին կմոտենան անկախության տարիների և հայրենական մեծ պատերազմի հուշարձանները, որոնք նրանք օկուպանտական են համարում և ավերում են չքաշվելով, ոչ թե թաքուն: Դրանց մեջ կան նաև բազմաթիվ փոքր հուշարձաններ, որոնց մասին մենք շատ լավ տեղեկություն չունենք:
Համլետ Պետրոսյանը վստահ է՝ Ադրբեջանի իշխանությունը կշարունակի Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, եթե միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր չձեռնարկի: Հիշեցնում է՝ Ալիևն անտեսեց անգամ Ղարաբաղում հայոց պատմամշակութային կոթողների և եկեղեցիների ավերումը դադարեցնելու Եվրախորհրդարանի կոչը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան