Ուկրաինայում հակամարտությունը վտանգավոր փուլում է ուկրաինական զինված ուժերի հակահարձակման ֆոնին միջուկային զենքի կիրառման աճող սպառնալիքի պատճառով՝ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք կանգնած ենք սարսափելի սցենարի հեռանկարի առաջ։ Մենք չպետք է աչք փակենք դրա վրա։ Դեռ գործ ունենք պայմանական պատերազմի սցենարի հետ, որը, սակայն, կարող է վերաճել հակամարտության՝ միջուկային զենքի կիրառմամբ՝ հաշվի առնելով, որ կողմերից մեկը միջուկային տերություն է։ Այս սցենարը մտահոգիչ է, և մենք պետք է ցույց տանք, որ մեր աջակցությունն Ուկրաինային չի թուլանում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
«Նախկինում մենք հստակ քաղաքականություն չենք ունեցել Ուկրաինայի նկատմամբ, իսկ հիմա ունենք այն, մենք աշխատում ենք, որպեսզի այն դառնա Եվրամիության անդամ»,- ասել է նա։ Այդ կապակցությամբ նա եվրոպացիներին հորդորել է «հասկանալ, որ վճարվող գինն արդարացի կլինի», քանի որ հակառակ դեպքում Եվրոպան ապագայում ստիպված կլինի շատ ավելին վճարել։
Միաժամանակ Բորելն ընդգծել է, որ բացի մարտի դաշտում հաղթանակից, «անհրաժեշտ է հաղթել գաղափարների ճակատամարտում»։
«Պատերազմի հետևում, որպես այդպիսին, կանգնած է արժեքների գերակայության համար պայքարը»,- ընդգծել է նա։ Այս ֆոնին եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստացել է նաև ջանքեր գործադրել Ռուսաստանին հակազդելու համար:
«Այս պատերազմը չի կարող ավարտվել միայն այն պատճառով, որ արևմտյան աշխարհը վերջանում է: Ահա թե ինչպես է Ռուսաստանը կարծում, որ մեր ժողովրդավարությունը թույլ է, և մեր հասարակությունը չի դիմանա ցրտաշունչ ձմռանը»,- ասել է նա՝ նշելով, որ «գեներալ Մորոզն (Սառնամանիք) անցյալում արդեն օգնել է Ռուսաստանին հաղթել հակամարտություններում»:
Բորելը հայտարարել է հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ Այս իրավիճակից ելքը նա համարել է այն, որ «Ռուսաստանը ցուցադրի պատերազմի համար իր քաղաքական և բարոյական պատասխանատվությունը, վճարի ավերածությունների համար և պատժվի պատերազմական հանցագործությունների համար»։
Ավելի վաղ Բորելը նշել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու անհնարինությունը, որի պատճառը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների միացումն է Ռուսաստանին:
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ հայտարարել էր, որ արևմտյան երկրները ցանկանում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ձգտում են երկարացնել հակամարտությունը։