ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողներ Ռ. Օհանյանը, Ա. Ճարոյանը և Ռ.Ներսիսյանը 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև 2021 թվականի մայիսի 16-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով, միասնական դիտավորությամբ Ա. Հայրապետյանի անվամբ կազմել են ընդհանուր 23 կեղծ արձանագրություն, իբրև թե վերջինս թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված տարբեր իրավախախտումներ:
2022 թվականի հունիսի 20-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել վարույթ:
Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճռով, Ճանապարհային ոստիկանության երեք ծառայողները մեղավոր են ճանաչվել իրենց առաջադրված մեղադրանքում և դատապարտվել տուգանքի՝ 350000 ՀՀ դրամ չափով՝ զրկվելով նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք (3) տարի ժամկետով:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քրեական գործի նախաքննությամբ ապացուցվել է, որ Ոստիկանության ծառայողները վարչական իրավախախտումների գործընթացի նկատմամբ չեն ունեցել հետևողական հսկողություն, որի արդյունքում տեսուչները շարունակաբար կեղծ արձանագրություններ են կազմել՝ նպաստելով հանցանքի կատարմանը, հսկող դատախազի կողմից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները: