Ռեհանի հսկա բուրգը Հովհաննիսյանների սառնարանում է։ Ջերմոցներից բերած բերքը մի քիչ հովացնում են ու նոր միայն կապերը խնամքով, արանքում՝ թղթով, սառույցի շշերով, որ թարմ մնա, դասավորում արկղերում։ Կանաչու այս խմբաքանակը Մոսկվա են արտահանում։
Մառանի մի անկյունը Հովհաննեսի աշխատանքային տարածքն է, մյուսը՝ Ռիմա տատի․ մաղադանոս է փնջում։
Ռիմա Հակոբյան - Կուղարկենք էլի Ռուսաստան լավերը, մնացածն էլ ստեղ կվաճառենք:
Մի 100 կապ կկապե՞ք օրը, հա:
Մեծից փոքր կանաչու բիզնեսում են Արմավիրի Գայ գյուղում։ Գրեթե բոլորի տնամերձերում այստեղ ջերմոցներ են։ Աճեցնում են ամեն ինչ, առավել աշխատասերները տարվա մեջ երկու բերքի ցանք են անում։
Նոր-նոր ծլած այս ռեհանը, օրինակ՝ մեկ ամսից շուկա հանելու կլինի։ Այդ ընթացքում կվաճառեն ընտանիքին պատկանող մեկ այլ հողամասի բերքը․ ցածր կանաչիների կողքին բարձր, դեղին ծաղիկներովը, պարզվում է, գետնախնձոր է, բերքը՝ հողի տակ։
Սվետա Խոսրովյան - Գետնախնձոր ա, համ ստեղ ենք ծախում, համ արտահանում ենք: էս կողմը պետրուշկա ա, էն կողմն էլ՝ նանա:
Ցանքն այնպես են կազմակերպում, որ կարողանան ջրելու, քաղհանելու գործերը հերթով անել․ մարզում բանվորական ուժի պակաս կա։ Օր է լինում՝ դաշտում վարձով 5 աշխատող են պահում։
Արևի տակ, գլխիկոր չարչարվածի համար մեծածախ շուկայում էլ նյարդայնանում են, երբ վերավաճառողները սովորաբար 80 դրամով գնվող օրինակ մի կապ մաղադանոսին հազիվ 50 դրամ են առաջարկում։ Բանն այն է, որ Վերին Լարսի այս օրերի խցանումների պատճառով կանաչու մեքենաներով արտահանումը գրեթե դադարել է․ արդյունքում՝ ապրանքը մնացել է միայն տեղական շուկայի հույսին ու լճացրել այն։ Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ այս գյուղից առնվազն երեք օրը մեկ, սեզոնից կախված, մեծ կամ փոքր ֆուռով կանաչի են ուղարկել Ռուսաստան։
Ռադիկ Հայրապետյան - Նայած՝ ռեյս էր լինում՝ 3 օրը մեկ, 5 օրը մեկ, օրը մեջ, Լարսը որ փակված ա, խնդիրներ կան, էլի, բեռնատարները հիմա չեն գնում:
Կանաչու ռուսական շուկան կորցնել արմավիրցիները չեն կարող․ բոլորի բակերում խոշոր ջերմոցներ են, ապրանքի այդ քանակը միայն Հայաստանում սպառել հնարավոր չէ։ Ելքը՝ գյուղմթերքը եթե ոչ ցամաքային, ապա օդային ճանապարհով տեղ հասցնելն է, ինչն այս փուլում անում են Հովհաննիսյանները։ Ապրանքը փաթեթավորում են 13 կգ-անոց արկղերով և ուղիղ օդանավակայան՝ Երևան-Մոսկվա թռիչքի։
Կանաչին ինքնաթիռով շուտ է տեղ հասնում, տեսքը, որակը չեն տուժում։ Բայց օդային փոխադրումը թանկ հաճույք է։ Այնպես որ, գյուղում անհամբեր սպասում են՝ Լարսը թեթևանա։