Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր տվյալներով լրացրել է սեպտեմբերին հրապարակած արտահերթ զեկույցը: Այն վերաբերում է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված հարձակման հետևանքներին: Պատրաստվել է նաև հատուկ փակ զեկույց։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության փաստեր:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականությունը փաստագրվել և ներկայացվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներում։ Հավաստվել է, որ հայերի նկատմամբ ազգային հիմքով ատելության և թշնամանքի սերմանման քաղաքականությունը 44-օրյա պատերազմի ընթացքում էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից կիրառված խոշտանգման և դաժան, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի խորքային պատճառներից մեկն է։
Ընդգծվել է, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի առկայությունը, պաշտոնատար անձանց հայատյաց հռետորաբանությունը հաստատել են նաև միջազգային կառույցներն և մշտադիտարկում իրականացնող մարմինները: Զեկույցն անդրադարձել է ադրբեջանական սոցցանցերում տարածվող հայ զինծառայողների նկատմամբ ֆիզիկական բռնության, նվաստացնող վերաբերմունքի, զոհված զինծառայողների մարմինների խոշտանգման կադրերին։
Քրիստիննե Գրիգորյան - Հայ զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման համատարած բնույթը թույլ է տալիս նաև եզրակացնել, որ այս արարքները չէին կարող կատարվել առանց ռազմական ղեկավարության հանձնարարականի կամ առնվազն իմացության և թողտվության: Իրենց հանցավոր արարքի տեսագրմամբ և հրապարակայնացմամբ ադրբեջանցի զինծառայողները, այդպիսով, չեն առերեսվում պատասխանատվության ենթարկվելու վտանգին, ուստիև ստիպված չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ կամ առնվազն ցուցաբերել զգուշավորություն։
Կին զինծառայողների մարմինների խոշտանգման տեսանյութերի ուսումնասիրությամբ փաստվել է, որ կանանց նկատմամբ դաժանությունները կատարվել են ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով։ Ատելության ու բռնության կոչեր հնչեցրել են թե՛ սոցիալական ցանցերի օգտատերերը, թե՛ հասարակական ու քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները: Ըստ զեկույցի՝ ատելության խոսքը քարոզվում ու վերարտադրվում է դպրոցներից սկսած մինչև պետական պաշտոնյաների ելույթներով։
Քրիստիննե Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության՝ «ֆաշիստական պետություն» լինելու գաղափարը բազմիցս արտահայտել է Ադրբեջանի նախագահը, որ հիմնվում է նրա այն պնդմանը, թե Հայաստանի ներկայիս տարածքը «պատմական ադրբեջանական հողերի» վրա է կառուցված։ Ադրբեջանի նախագահի՝ տարիների հայտարարությունների և հարցազրույցների ուսումնասիրությունը վկայում է՝ նա, օգտագործելով այս արտահայտությունը, ստեղծել է «հայկական ֆաշիզմի» դեմ պայքարելու կեղծ պատմույթը՝ արդարացնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի հայերի նկատմամբ ուժի գործադրումը:
Զեկույցում ներկայացվում են նաև այս տարվա ամռանը սահմանամերձ համայնքների բնակչության ահաբեկման վերաբերյալ փաստեր։ Հիմնավորվել է, որ խաղաղ բնակչությանը ահաբեկելու և վնասելու՝ ադրբեջանցի զինծառայողների գործողությունները փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հիմքեր նախապատրաստելուն, քանի որ ահաբեկումներն իրականացվել են հիմնականում սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքներում։ Հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի փաստերը ներկայացվելու են միջազգային գործընկերներին: