Ինչպես միավորել հայ ոսկերիչներին և նրանց ներգրավել ոսկերչության համաշխարհային շուկայում: Այս հարցերն են «Հայ ոսկերիչների ասոցիացիայի» անդամները քննարկել կազմակերպության 25-ամյակին նվիրված հավաքի ժամանակ: Աշխարհի տարբեր երկրներից մեկ կազմակերպությունում միավորված հայ ոսկերիչներն այն կարծիքին են, որ 25 տարվա ընթացքում ոսկերչության համաշխարհային մարտահրավերները ևս փոխվել են:
Պիեռ Աքելյան (Հայ ոսկերիչների ասոցիացիայի համահիմնադիր) - Գիտենք, որ շատ հաջող ոսկերիչներ ունենք Հայաստանի մեջ, շատ հաջող քար քամողներ ունենք, շատ հաջող դիզայներներ ունենք՝ 3D դիզայներներ: Համաշխարհային գործը փոխված է ոսկերչության աշխարհի մեջ: Առաջվա պես չէ, որ մարդիկ նստեն ու ձեռքով ամեն ինչը ստեղծեն:
Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում հնարավոր է ավելի սերտ կապեր հաստատել, նույնիսկ աշխատանքը հեռավար կազմակերպել: Օրինակ՝ օգտագործել Հայաստանի դիզայներների նոր ստեղծագործությունները, նոր մոդելներ ունենալ և որպես հայկական ապրանքանիշ արտադրել մեկ այլ երկրում՝ առաջարկում է Պիեռ Աքելյանը: Գաղտնիք չէ, հայերը ոսկերչությունում աշխարհում լավագույն մասնագետներից են եղել:
Պիեռ Աքելյան - Մենք ունենք հիմնադրամ, որ անոնց նպատակներեն մեկը այն է, որ մեր ժառանգը աշխարհին ներկայացնենք, և դա մեզ համար բրենդինգի լավագույն գործն է:
Կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի պատճառով վերջին տարիներին հայ ոսկերիչները դադարեցրել էին փոխադարձ կապը: Գործակցությունը դեռ 1997-ին էր ձևավորվել, երբ մեկ կառույցում համախմբվել էին մոտ 3000 ոսկերիչ, ժամագործ ու թանկարժեք քարեր մշակող: Ստեղծվել էին նոր ընկերություններ:
Հովել Շնորհոքյան (ժամագործ) - Օրինակի համար ես ժամացույցի բիզնեսի մեջ եմ: Գործակցելով Շվեյցարական հայկական հիմնարկ-ի հետ՝ հիմնեցինք 22 տարի առաջ հայկական AVI ժամացույցները: Եթե այս կապը չլիներ, AVI հիմնարկը պիտի չստեղծվեր:
Միավորվելու դեպքում հիմա գործակցության ավելի լայն հնարավորություններ կան՝ ասում է Հովել Շնորհոքյանը: Հայ ոսկերիչների ասոցիացիան այժմ վերակազմավորման փուլում է: Որոշել են միության կառավարումը երիտասարդներին փոխանցել: Արդեն ընտրվել է կազմակերպության 18 անդամից բաղկացած խորհուրդը: Կազմում մեկ տեղ էլ Հայաստանի ներկայացուցիչը կզբաղեցնի: Թեկնածուի առաջադրման համար մեկ ամիս ժամանակ է սահմանված, որից հետո խորհուրդը նոր նախագահ կընտրի: