Միլանում առաջին անգամ անցկացվել է «Տեքստիլ ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողով՝ նվիրված Հայաստանի և Իտալիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Եռօրյա միջոցառման անցկացման վայրը պատմական Վիսկոնտիի պալատն էր:
Վարվառա Հովհաննիսյան (ՀՀ ԷՆ թեթև արդյունաբերության վարչության խորհրդական) - Միջոցառման ընթացքում տեքստիլի և նորաձևության ոլորտի հայ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց արտադրանքը, կազմակերպվեցին հանդիպումներ տեղական ընկերությունների, ինչպես նաև պոտենցիալ գործընկեր հանդիսացող մի շարք այլ կոմերցիոն կազմակերպությունների հետ:
Միջոցառման անցկացման համար ընտրված ժամկետը պատահական չէր: Նույն օրերին Միլանում անցկացվում էր համաշխարհային նորաձևության ամենակարևոր միջոցառումներից մեկը` Միլանի նորաձևության շաբաթը, որում առաջին անգամ հայ դիզայներները պաշտոնական մակարդակով ներկայացրին իրենց արտադրանքը:
Էլեն Մանուկյան («Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ համահիմնադիր) - Մինչև էդ երբեք չի եղել նմանատիպ միջոցառում, մանավանդ Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում, ու միանգամից ներկայացնել մի ամբողջ տեսականի:
Միջոցառումը համընկել էր Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ռազմական գործողությունների վերսկսման հետ, և նախքան ցուցադրությունը հայ դիզայներները բեմ էին բարձրացել «Կանգնե՛ք Հայաստանի կողքին» գրությամբ շապիկներով՝ կոչ անելով կանգնել Հայաստանի կողքին և դատապարտել ադրբեջանական ագրեսիան։
Էլեն Մանուկյան - Շատ դժվար էր էդ շաբաթվա ընթացքում հավաքվել ու փորձել ինչ-որ բան անել, որովհետև էմոցիոնալ վիճակը թույլ չէր տալիս, և դա էր նպատակը, որ ինչ-որ ձև բարձրաձայնեինք, քանի որ ունեինք էդ հնարավորությունը:
Խորհրդանշական ակցիան և հայ դիզայներների նորաձևության ցուցադրությունը լայն արձագանք է ստացել տեղական և միջազգային մամուլում: Այս և նմանատիպ միջոցառումներին մասնակցության նպատակը զարգացնելն է հայ արտադրողների կարողություններն ու միջազգային գործակցությունը:
Էլեն Մանուկյան - Բոլորս ենք տեսնում, որ ունենք շատ մեծ, հզոր գործարաններ, դրանք օր օրի ավելանում են, ավելանում են նաև բրենդները, ավելանում են դիզայներները, ու շատ լավ ա, որ պետությունն ա հասկացել, որ պիտի աջակցի ոլորտին, քանի որ իրականում մեծ պոտենցիալ ունենք:
Տեքստիլ ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է: Այսօր որպես արտահանման հիմնական շուկա դիտարկվում է ռուսականը, աշխատանքներ են իրականացվում նաև եվրոպական շուկայում հաստատվելու և զարգանալու ուղղությամբ: Չնայած ձեռքբերումներին՝ կան նաև խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն՝ ընդգծում է Էլեն Մանուկյանը: Ոլորտում այսօր մեծ է նեղ մասնագետների պահանջարկը՝ տեխնոլոգներից մինչև դերձակներ:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան