Այս տարի Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս,Մարտունի և Սևան խոշորացված համայնքների 203 տնտեսություն կարտոֆիլը մշակել են նորարարական տեխնոլոգիայով՝ օրգանական պարարտանյութերի կիրառմամբ: Տեղումների պակասը բերքի որակի և քանակի վրա էական ազդեցութուն չի ունեցել՝ վստահեցնում են կարտոֆիլի բերքը հավաքող վարդենիկցի հողագործները:
Պարգև Ղարիբյան (ագրոէկոլոգ) - Տեխնոլոգիան իրենից ներկայացնում է հեկտարի հաշվով 8 տոննա օրգանոմիքս, 1,5 տոննա կենսահումուս և 3 տոննա հողաբարելավիչ՝ ցեոլիտ և բենտոնիտ, ինչպես նաև վեգետացիայի շրջանում երկու անգամ կենսահեղուկով կատարվում է տերևային սնուցում:
Հայկազ Աբրոյան (Վարդենիկի բնակիչ) - Հողի բաղադրությունը փոխել ա, փափկել ա հողը, նաև ջրի կարիք շատ չի զգում, խոնավություն պահում ա մեջը: Ուրիշ տարիներ 7-8 անգամ ջրում էի, իսկ էս տարի 5 անգամ եմ ջրել, բայց բերքը շատ լավ ա, ուրիշ տարիների հետ համեմատ՝ մոտավորապես կրկնակի-եռակի ավել բերք եմ ստացել:
Գիտափորձին հետևող երիտասարդ ագրոէկոլոգը նիտրատաչափով ստուգում է կարտոֆիլի բերքի 1 կիլոգրամում նիտրատների սահմանային թույլատրելի խտությունը: Համեմատության համար վերցրել է նորարարական տեխնոլոգիայով և հարևան դաշտում ավանդական եղանակով մշակված բերքի նմուշներ:
Պարգև Ղարիբյան - Սահմանային թույլատրելի խտությունը առավելագույնը 250 մգ է 1 կգ-ի հաշվով: Ինչպես տեսնում ենք՝ էստեղ մենք ունենք ընդամենը 60 մգ: Էս դեպքում արդեն մենք գործ ունենք ավանդական եղանակով, այսինքն՝ ազոտական պարարտանյութով մշակված կարտոֆիլի հետ: Ճիշտ է, ինքը նորից նորմայի մեջ է՝ 133 մգ նիտրատներ ունենք կգ-ի հաշվով, բայց սա կրկնակի ավել է օրգանական եղանակով աճեցվածի հետ:
Գիտափորձը Գեղարքունիքի մարզում ներդրվել էր դեռևս 2020 թվականին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականների ղեկավարությամբ: Առողջ պարեն արտադրելու հրամայականից բացի, գիտափորձն ուղղված է նաև Սևանա լճի պահպանությանը, առաջին հերթին ոռոգման ջրի խնայողության միջոցով:
Մերուժան Գալստյան (գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) - Եթե մենք կարողանանք շուրջ 36 հազար հեկտար տարածքում մինչև 2000 խմ ջուր տնտեսել հեկտարի հաշվով, ապա կստանանք ամենաքիչը 50 մլն խմ ջրի տնտեսում: Այս տեխնոլոգիայի կիրառմամբ մենք լուծեցինք բարձր բերքատվության ստացման խնդիրը, լուծեցինք և լուծում ենք էկոլոգիապես անվտանգ սննդի ստացման խնդիրը: Երրորդ՝ ամենակարևորը ոռոգման ջրի տնտեսման խնդիրը: Եվ վերջում՝ այս տեխնոլոգիան յուրահատուկ քայլ է օրգանական գյուղատնտեսությունը տարածաշրջանում զարգացնելու և արդյունավետ, կայուն, հարուստ գյուղատնտեսություն ապահովելու:
Նորարարական տեխնոլոգիայով բույսերի մշակման գիտափորձը շրջանառության մեջ դնելու ծրագիրը 2021 թվականից իրականացվում է Եվրամիության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի «Կայուն հողօգտագործում» բաղադրիչով:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան