Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով: Դրանում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհավորում եմ բոլորիս Ուսուցչի օրվա առիթով: Այս տարի ձեր մասնագիտական օրը դիմավորում ենք ուսուցչի աշխատանքի նկատմամբ պետական նոր վերաբերմունքի արձանագրված իրողությամբ:
Ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգը, տարակարգի համակարգի բարեփոխումները մի բանի մասին են վկայում միայն, որ Կառավարությունը ոչ միայն շնորհավորական ուղերձներով, այլև կոնկրետ գործով է ճանաչում ուսուցչի աշխատանքի անկյունաքարային բնույթը:
Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, և մենք դա ենք անում: Ինչպես Կառավարության վերջին նիստերից մեկում ասացի՝ ուսուցչի աշխատանքը պետք է դառնա ամենաբարձր վճարվողներից՝ առնվազն պետական համակարգում: Եվ ուսուցիչ՝ պիտի նշանակի ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող, այլև բարձր որակավորում ունեցող:
Նոր համակարգը տալիս է նման հնարավորություն, բայց սա միայն սկիզբն է: Ուսուցչի աշխատավարձի բարձրացման այս համակարգը, որտեղ ըստ էության որոշումները կայացնում է ինքը՝ ուսուցիչը, պետք է շարունակաբար ու պարբերաբար գործի հնգամյա շրջափուլերով, և երկրորդ շրջափուլից արդեն, ուսուցչի՝ դրույքով ու տարակարգով ապահովված աշխատավարձը պիտի հասնի նախարարական մակարդակի աշխատավարձի:
Եվ սա ձեզ համար չենք անում, սա անում ենք պետության համար, ապագայի համար, որովհետև մեծ հաշվով դուք և ձեր աշխատանքն է որոշում՝ քանի՞ գիտնական դուրս կգա դպրոցից, քանի՞ բժիշկ, քանի՞ հետախույզ, քանի՞ զինվորական, քանի՞ շինարար, քանի՞ արվեստագետ, և ինչպիսի հոգևոր ու արժեքային կապով կապված կլինեն նրանք իրենց մասնագիտության և իրենց պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ:
Մենք պիտի առանձնահատուկ հոգ տանենք գյուղական բնակավայրերի մեր ուսուցիչների համար, որպեսզի նրանք հեռու չզգան իրենց:
Հանրակրթության ոլորտում, ըստ էության, մենք ավարտել ենք նախագծման աշխատանքները. կամավոր ատեստավորման, տարակարգերի նոր համակարգի, նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների, դպրոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, համայնքային կրթահամալիրների ստեղծման մեր ծրագրերը թողարկված են, դպրոցի վերելքի գործընթացը՝ մեկնարկած:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»: