Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագիծը կարգավորում է ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի, քաղաքացիական, ծառայողական, ձեռքի մարտական հրաձգային զենքի և մարտական uառը զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները:
Ըստ հիմնավորման՝ նախագիծն ուղղված է հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:
Ավելի վաղ օրենքի նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը նշել էր, որ զենքի թույլտվություն տրամադրելու կարգը եղածից խստացվում է:
Ըստ նրա՝ պետք է զենքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ ձևավորվի հասարակության շրջանում:
Այսպես՝
1. Քաղաքացիական զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի հանձնել զենքի հետ վարվելու և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։
2. Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ ակոսափող հրազենի համար՝ 21 տարեկան, քաղաքացիական զենքի մնացած տեսակների համար՝ 18 տարեկան:
3. Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։
4. Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
5. Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:
6. Զենք պահելու և կրելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
7. Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 8 միավորի փոխարեն։