Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը չի կարող խաղալ միակ միջնորդի դերը, որին նա հավակնում էր 2020 թ. բախումներից հետո: Այս մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
«Ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և պատերազմական հանցագործություն։ Նման դեպքերում անպատժելիություն չի կարող լինել։ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ, և ես սա նորից ասում եմ առանց երկիմաստության: Ուստի, Ֆրանսիան կոչ է արել սկսել անհապաղ անաչառ և անկախ հետաքննություն՝ բացահայտելու այդ գործողությունների մեղավորներին ու ապահովելու, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն:
Հակամարտության ֆոնին Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան շատ լուրջ են։ Հանրապետության նախագահն անմիջապես կապվել է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանին էլ՝ հետ քաշվել զավթած դիրքերից:
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում տեղի ունեցած այս իրադարձությունները նաև բացահայտեցին, ընդգծում եմ, միակ միջնորդի դեր խաղալու՝ Ռուսաստանի անկարողությունը, որին նա հավակնում էր 2020 թվականի բախումներից հետո»,- նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին: