ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որ հայկական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված 5 սկզբունքների վրա:
Պատգամավորը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե որո՞նք են այդ տարրերը:
«Իսկապես մեզ փոխանցել են այդպիսի փաստաթուղթ: Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած այդ 5 հայտնի սկզբունքները հրապարակվել են: Մեր հանրությունը և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին:
Մենք հրապարակավ ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք մենք վերլուծում ենք, անպայման կարձագանքենք: Բաներ կլինեն, որ կրկին մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի: Կլինեն առաջարկներ, որ մենք կանենք, նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»,- ասաց նա:
ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին:
Պատգամավորը խնդրեց նաև մանրամասնել, թե որո՞նք են այդ մեխանիզմները:
«Կա տեսակետ՝ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության խողովակ, միջազգային մեխանիզմ ստեղծել: Այս մասին քննարկումներ են ընթանում: Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ: Երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք»,- ասաց Միրզոյանը: