Եվրամիությունն արել է հնարավոր ամեն ինչ՝ հրադադար հաստատելու համար կողմերի միջև երկխոսությանը նպաստելով՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին հարցի ժամանակ:
«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին: Խնդրում ենք Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը՝ լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Բորելը:
Բորելը նշել է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը՝ օգտագործելով հրետանի, անօդաչու թռչող սարքեր։
«Այն, ինչ կատարվում է, չափազանց ցավալի է, կա մոտ 300 զոհ, 207-ը՝ հայ։ Կան որոշ օկուպացված տարածքներ, ինչը բացարձակապես անընդունելի է և անհարգալից վերաբերմունք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Ուժերն այնքան մոտ են, որ նոր բախման վտանգ կա»,- ասել է բարձր ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած էներգետիկ համաձայնագիրը չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են այդ երկրում:
Բորելը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների բացումը, ինչը, նրա համոզմամբ, կօգնի նաև լարվածության նվազեցմանը։
«Ցավոք սրտի, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, և դա քաղաքական ազդեցությունն է։ Տարածաշրջանում մենք ունենք հատուկ բանագնաց, որը մշտական կապ է պահպանում երկու երկրների և Մինսկի խմբի հետ։ Մարդասիրական օգնություն՝ դա այն է, ինչ մենք կարող ենք առաջարկել»,- ասել է Ժոզեպ Բորելը։
Բորելը հայտարարել է, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի է», և ավելացրել, որ հետաքննություն է պահանջվում։