ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Այս մասին Փաշինյանը հայտնեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում:
«Այդ շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև: Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին հայտարարել էինք:
Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն այս ուղղություններով, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,- ասաց վարչապետը: