Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:
Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին ժողովրդավարական զարգացումների համատեքստում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունը միտված է ընդլայնելու առկա համագործակցությունը Հայաստանի գլխավոր դատախազութան հետ:
Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին աջակցող երկրի գործընկերների հետ համագործակցության օրակարգը զարգացնելու պատրաստակամություն ունի: Այդ համատեքստում ընդգծվել է դեսպանության ներդրումը Հայաստանի դատախազների մասնագիտական որակավորման զարգացման գործընթացում:
Դեսպանի խնդրանքով՝ գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները, դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի զարգացումն ու պատերազմական հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացումը:
Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Աննա Վարդապետյանը նշել է.
«Ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները կրկին կանգնած են մարտահրավերների առաջ, և դրանց դիմակայելու Հայաստանի ջանքերին օգնության պետք է հասնեն այդ արժեքները կրող պետությունները՝ ի դեմս ԱՄՆ-ի»:
Այս առումով Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հասցեական արվող հայտարարությունները՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժը պետք է անհապաղ դուրս բերվի, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, և պետք է պահպանվի հրադադարը:
Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազ Վարդապետյանը և դեսպան Թրեյսին քննարկել են նաև օրակարգային այլ հարցեր: