«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միանշանակ դատապարտում է բուժաշխատողների ցանկացած թիրախավորում»,- Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀԿ ներկայացուցիչ Մայքլ Ռայանը՝ անդրադառնալով 2020 թվականի Արցախյան պատերազմի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ բուժհաստատությունների ու բուժաշխատողների թիրախավորման դեպքերին:
Մայքլ Ռայան (ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն) - Ցավով պետք է ասեմ, որ վերջին 5 տարիների ընթացքում բուժաշխատողների նկատմամբ հարձակումները տարբեր պատերազմական գոտիներում շատացել են: Դա միանշանակ անընդունելի է: Դա հանցագործություն է և պետք է դադարեցվի:
Նման դեպքերը դատապարտելուց ու փաստաթղթավորելուց բացի՝ ԱՀԿ-ն չունի մեղավոր կողմին պատասխանատվության կանչելու մեխանիզմներ:
Մայքլ Ռայան - Նյու Յորքում և Ժնևում սահմանված պարտավորությունների համաձայն` ԱՀԿ-ն պետք է փաստաթղթավորի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը, հաշվառի դրանք և համապատասխան խողովակներով հաղորդի: Նմանատիպ դեպքերը հետաքննելու գործառույթ ԱՀԿ-ն չունի: Դա ենթադրում է դատաբժշկական փորձաքննություն, բազմաթիվ տեղեկությունների հավաքում, ինչի հնարավորությունը չկա: Բայց միջազգային քրեական դատարանում նման վարույթները քննելիս օգտվում են ԱՀԿ-ի փաստաթղթավորած և տրամադրած տեղեկություններից:
Անահիտ Ավանեսյանը վստահ է՝ մեր բուժաշխատողների թիրախավորված հարձակումները, որոնք փաստագրված են, մաս են կազմելու միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացրած հայցերի:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՀԿ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում են՝ ԱՀԿ աջակցությամբ գործող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը մասնակցելու համար: Այդ նպատակով ժամանել է ավելի քան 500 պատվիրակ 110 երկրից: Եռօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները կքննարկեն նոր մոտեցումներ, թե ինչպես ավելի արագ ու արդյունավետ արձագանքել աշխարհում անընդհատ աճող մարտահրավերներին ու ճգնաժամերին, այդ թվում՝ բնական աղետներին, հիվանդությունների բռնկումներին ու հակամարտությունների հետևանքներին:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մարդկանց նկատմամբ հոգատարությունը և կրիզիսային իրավիճակներում աջակցություն տրամադրելը, հույսից դեպի պաշտպանվածության զգացում բերելը հենց մեր բժշկական թիմերի նպատակն է:
Հայաստանն էլ արագ արձագանքման թիմ է ձևավորում: Գործընթացն ավարտական փուլում է: Մոտ 25 հոգանոց թիմում ընդգրկվել են հիմնականում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժաշխատողներ և ԱԻՆ մասնագետներ:
Արմեն Մելքոնյան (ՀՀ ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ, Արագ արձագանքման բժշկական թիմի ղեկավար) - Արդեն տարբեր ուսումնական վարժանքների նպատակով թիմը մեկնել է Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Վրաստան, և փորձում ենք թրեյնինգ վարժանքների տեսքով, տարբեր վերապատրաստումների տեսքով հասկանալ ոլորտի նրբությունները և, ըստ այդմ, դրսի փորձը բերելով մեր երկիր, ադապտացնել:
Հայաստանի արագ արձագանքման թիմը որակավորվելու է ԱՀԿ-ի կողմից այն ժամանակ, երբ հայտնի, որ պատրաստ է դրան: Որակավորում ստանալու դեպքում թիմը կգործի միայն միջազգային ասպարեզում՝ արտակարգ իրավիճակների ժամանակ առաքելությամբ մեկնելով այս կամ այն երկիր:
Հեղինակ` Աննա Զախարյան