Համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը գրադարանային ոլորտի կարևորագույն ուղղություններից են:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացնում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքներ, որոնց շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ:
Նշենք, որ նախարարությունը ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացրել է հավատարմագրված 45 համայնքային գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքներ:
Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են պետական աջակցությամբ հրատարակված գրականությամբ:
2022 թվականին ծրագրի շրջանակում 12 հանրային գրադարաններ ևս կհամալրվեն նոր համակարգիչներով:
Ծրագրի շահառու դառնալու նպատակով սահմանված կարգով (ՀՀ Կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշում) առաջարկում ենք դիմել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ: