ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով, շեշտեց ցավոտ իրադարձություններից հետո ոտքի կանգնելու և առաջ շարժվելու կարևորությունը:
«Այս ամիս լրացավ 44-օրյա պատերազմի երկու տարին: Բայց դրանից հետո մենք ապրեցինք կարճատև դաժան կռիվներ, որոնց համար էլի շատ թանկ վճարեցինք: Քանի որ այդպիսի ցավոտ իրողությունները կարող են կրկնվել, որովհետև մենք ճանաչում ենք մեր դիմացը կանգնածին, անհրաժեշտ է ոտքի կանգնել ու նոր թափով շարժվել առաջ, առավել ևս՝ մեր հակառակորդն իր գործողություններով նպաստում է մեր այդ հավաքական անվտանգային խնդիրների անհապաղ իրականացմանը:
Պատերազմում փառքով ընկածներն ու ողջ մնացածները մեզ հայրենասիրություն և իրական արժեքներ սովորեցրին, ամուր հող ստեղծեցին մեր հայրենիքի հեռանկարային ապագան կերտելու համար: Այս պատերազմից հետո Եռաբլուրում թաղված մեր երկրի պահապան հրեշտակների թվաքանակն ավելացավ:
Եռաբլուրում թաղվածները ոչ մեկիս սեփականությունը չեն, բոլորինն են, այնտեղ մեր զավակներն են, մեր բանակի և մեր պետականության զինվորները: Մեր դարպասները սկսվում են սահմանից և Եռաբլուրից:
Դրա համար ոչ մեկի առջև չպետք է փակվեն Եռաբլուրի դռները: Այդ պատճառով յուրաքանչյուրս պարտք ունենք Եռաբլուրին վերադարձնելու, հայրենիքը լուռ սիրել մտքով, հոգով, առանց բառերի, զուրկ դատարկ խոսքերից ու հուզականությունից: Հայրենիքի համար անխոնջ աշխատել է անհրաժեշտ, ստեղծել ու արարել»,- ասաց Քոչարյանը: