««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի լուծելու այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն, հանգամանքների բերումով, դուրս են եկել հավաքականներից կամ այլ միջազգային մրցաշարերում և առաջնություններում հանդես չեն գալիս ՀՀ դրոշի ներքո: Այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Աժ-ում՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
«Իրականում այս օրենքի նախագիծը նպատակ ունի լուծելու նախկինում օրինական կամ ապօրինի ճանապարհով քաղաքացիություն ստացած 18 մարզիկի հարցը: 17 ֆուտբոլիստ և մեկ բասկետբոլիստ իրենց երկրում օրենքի առջև խնդիր ունեն. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում՝ բանակում ծառայության հետ կապված խնդիրներով պայմանավորված: Կառավարության ընդունած 89 և 450 որոշումներով այլևս նման խնդիրներ չեն առաջանա»,- պարզաբանեց Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: