ՍԻՐԻԱ
ՍԻՐԻԱՑԻ ՏԱՐԵՑ ԱՏԱՂՁԱԳՈՐԾԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ
Մամուն ալ-Հալակը Դամասկոսում խառատի հաստոցի վրա կռացած՝ ավանդական տարբերակով փայտե տարբեր իրեր է պատրաստում: Տարեց տղամարդը խոստովանում է, որ այս հաստոցը, ասես, իր հոգին լինի: Նա դա ունեցել է նախքան հայր դառնալը: Վստահեցնում է, որ աշխատանքային այս գործիքն իրեն մեծ ուրախություն է պատճառում:
Մամուն Ալ-Հալակ (ատաղծագործ) - Այս հաստոցն աշխատեցնելու համար ես գործի եմ դնում իմ ձեռքերն ու ոտքերը, օգտագործում եմ ունեցածս ամբողջ էներգիան, քրտնում եմ և շարունակ մտածում այն առարկայի մասին, որ ցանկանում եմ ի վերջո ստանալ: Այս ընթացքն ինձ երջանկություն և հաճույք է պատճառում:
Կենտրոնանալով սիրիական ժառանգության վրա՝ Հալակը վերստեղծում է իր նախնիների օգտագործած առարկաները, որոնք մեր օրեր են հասել արտեֆակտների տեսքով: Դրանցից են ավանդական սրճաղացները, նարգիլեները, սկուտեղները և երաժշտական գործիքները: Նա փորձում է դրանք տարբեր չափսերի պատրաստել, որպեսզի մարդիկ կարողանան գնել այդ աշխատանքները և ներկայացնել տարբեր վայրերում:
Հալակը նախկինում խանութ է ունեցել, սակայն Սիրիայի պատերազմի ժամանակ կորցրել է այն: Ասում է, որ մի ժամանակ շատ հաճախորդներ է ունեցել, իսկ հիմա ստիպված է ընկերոջ խանութի դիմաց նստած աշխատել:
Տարեց արհեստավորը խոստովանում է, որ այնքան էլ շատ գումար չի վաստակում և սեփական կարիքները հոգալ չի կարողանում, ուստի լիահույս է իր աշխատանքները ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում, որպեսզի հետագայում գումար վաստակելու հնարավորություն ունենա:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐ՝ ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը ներկայացրել է չորս նոր նամականիշ՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի հիշատակին:
Դրանք ներկայացնում են պատկերներ, որոնք նախկինում օգտագործվել են 2002 թվականի նամականիշների թողարկման մեջ: Այդ ժամանակ նշում էին թագուհու ոսկե հոբելյանը:
Թարմացված տարբերակները ներառում են «1926-2022» մոտիվը, որը խորհրդանշում է Եղիսաբեթ թագուհու ծննդյան և մահվան տարիները։
Հավաքածուում ներառված է 2-րդ կարգի նամականիշ, որտեղ պատկերված է թագուհու՝ 1952 թվականին արված լուսանկարը, որի հեղինակը Դորոթի Ուայլդինգն է:
1.85 ֆունտ արժողությամբ նամականիշում պատկերված թագուհու դիմանկարի հեղինակը հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է, լուսանկարն արվել է 1984 թվականի նոյեմբերին: 2.55 ֆունտ արժողությամբ նամականիշում օգտագործված է 1996 թվականին արված Թիմ Գրեհեմի հեղինակած լուսանկարը:
Նամականիշներն առաջինն են, որոնք հաստատել է Մեծ Բրիտանիայի նոր միապետ Չարլզ 3-րդ թագավորը:
Հավաքածուն վաճառքի կհայտնվի 2022 թվականի նոյեմբերի 10-ից։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՉԱՐԼԶ 3-ՐԴԻ ԴԻՄԱՆԿԱՐՈՎ ԱՌԱՋԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ
Թագավորական դրամահատարանը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ 3-րդի պատկերով մետաղադրամի պաշտոնական պատկերը: Թագավորի դիմանկարը ներկայացված է 5 ֆունտ մետաղադրամի դիմերեսին և 50 պենսանոց մետաղադրամի դարձերեսին, որը հիշատակում է թագուհի Եղիսաբեթ 2-րդի կյանքը:
Կերպարը ստեղծվել է բրիտանացի քանդակագործ Մարտին Ջենինգսի հեղինակած լուսանկարից և արժանացել է անձամբ Չարլզ 3-րդ թագավորի հավանությանը: Ավանդույթի համաձայն, Չարլզի դիմանկարը մոր դիմանկարի հակառակ ուղղությամբ է:
Թագավորական դրամահատարանի տեղեկատվության և հետազոտությունների բաժնի մենեջեր Քրիս Բարքերն ասում է, որ Ջենինգսին հաջողվել է Չարլզի դիմանկարում հասնել «իսկական ջերմության և մարդասիրության»:
Բոլոր մոտ 27 միլիարդ մետաղադրամները, որոնք ներկայումս շրջանառվում են Մեծ Բրիտանիայում և կրում են Եղիսաբեթ թագուհու պատկերը, կմնան որպես օրինական վճարման միջոց և ժամանակի ընթացքում կփոխարինվեն Չարլզի պատկերով մետաղադրամներով:
Քրիս Բարքեր (թագավորական դրամահատարանի տեղեկատվության և հետազոտությունների բաժնի մենեջեր) - Դրանք կմնան շրջանառության մեջ մինչև իրենց ակտիվ շրջանառության ժամկետի ավարտը, որը 20-30 տարի է: Ուստի դեռ մի քանի տասնամյակ Եղիսաբեթի պատկերով մետաղադրամները դեռ կտեսնենք ակտիվ շրջանառության մեջ:
ԿՈԼՈՒՄԲԻԱ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻԶԱՅՆԵՐԸ ՀԱԳՈՒՍՏ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Կոլումբիայի՝ հիմնականում աղքատ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից սևամորթ երիտասարդ դիզայներ Էստեբան Սինիսթերան հագուստ է պատրաստում երկրի փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսի համար: Նա, ի դեպ, առաջին աֆրո-կոլումբիացի կինն է, որը նման պաշտոն է զբաղեցրել:
Մարկեսի համար նախատեսված Սինիսթերայի գունագեղ նախշերով զգեստները միջազգային ուշադրության են արժանացել: Դիզայները մեծացել է Նարինո նահանգի Սանտա Բարբարա Իսկուանդե բնակավայրում, որտեղ շատ երիտասարդներ քիչ հնարավորություններ ունեն՝ խուսափելու երկրի շարունակական ներքին հակամարտությունից: Նա իր արհեստը սովորել է մորաքրոջից ու տատիկից: Դիզայներ երիտասարդը վստահեցնում է, որ իր և փոխնախագահի կյանքի մեջ շատ ընդհանրություններ կան, ահա թե ինչու է որոշել հագուստներ ստեղծել նրա համար:
Էստեբան Սինիսթերա (հագուստի դիզայներ) - Երկուսս էլ ընդունում ենք, որ ունենք ընդհանուր արմատներ, որոնք մեզ կապում են: Խոսքն Աֆրիկայի մասին է: Մարկեսի յուրաքանչյուր հագուստի վրա դա երևում է:
40-ամյա Մարկեսը, որն իր երդման արարողության ժամանակ հիշատակել է նախնիների մասին, նախատեսում է ղեկավարել նոր իրավահավասարության նախարարությունը, եթե կառավարությունը կարողանա ստանալ Կոնգրեսի հավանությունը դրա ստեղծման համար:
ԿԱՄԲՈՋԱ
ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆՆ ՈՒ ԳՈՄԵՇԻ ՄՐՑԱՎԱԶՔԸ
Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկամյա դադարից հետո Կամբոջայում նորից անցկացվել է Մահացածների փառատոնը, որն ուղեկցվում է գոմեշների մրցավազքով, ձիարշավներով ու տաճարներում մահացածների հոգիներին կերակուր մատուցելով:
Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Պնոմ Պենից 46 կմ հեռավորությամբ գտնվող բուդդայական տաճարի մերձակայքում՝ դիտելու մրցարշավներն ու ավանդական ըմբշամարտը: Այս տարվա մրցավազքին մասնակցել են մոտ 60 ձի և գոմեշ: Կենդանիներից շատերին հատուկ տոնի կապակցությամբ մի լավ զարդարել են:
Իսկ բուն տաճարի տարածքում մարդիկ զբաղված են վանականների ողորմության ամանները եփած բրնձով լցնելով: Իսկական խնջույք են կազմակերպել վանականների համար, նաև գումար են նվիրաբերում նրանց՝ սնունդ ձեռք բերելու նպատակով:
Գնեմ Թայ (փառատոնի մասնակից) - Արդեն մի քանի տարի է, ինչ կարոտում էինք այս փառատոնը: Այժմ նորից կարող ենք նշել այն: Սա մեզ անչափ ուրախացնում է: Մեր ընտանեկան ոգին նույնպես երջանիկ կլինի:
Կամբոջացիները հավատում են, որ այս բարեգործությունները հասնում են ընտանիքի մահացած անդամների հոգիներին: Մարդիկ համոզված են, որ երկշաբաթյա փառատոնի շնորհիվ հաջողություն և բարգավաճում են ապահովում իրենց ընտանիքի անդամների համար:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՄԱՏՉԵԼԻ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ՝ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Խաղալիքներ արտադրող բրիտանական հայտնի ընկերություններից մեկը Լոնդոնում՝ իր կենտրոնական խանութում, ներկայացրել է այս տարվա սուրբծննդյան տոնին ընդառաջ պատրաստած լավագույն տասը խաղալիքները:
Չնայած աշնանային եղանակին՝ այս իրադարձությունը մի փոքր ձմեռային տոն է հաղորդել միջոցառման մասնակիցներին և մոտակայքով անցնող մարդկանց, քանի որ նույնիսկ Սանտան է նրանց ողջունել:
Ընկերությունը հոգ է տարել, որպեսզի այս տարվա տոնական խաղալիքները հնարավորինս մատչելի լինեն՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Չնայած այդ ամենին՝ խաղալիքները բավականին լավն են, տեսականին էլ՝ բազմազան: Կարելի է հանդիպել ինչպես փափուկ խաղալիքների, այնպես էլ տիկնիկների և խաղալիք ատրճանակների:
Ամենամատչելի խաղալիքը պանդան է, գինը՝ 22 ֆունտ է, կամ 24 դոլար, իսկ ամենաթանկարժեքը 100 ֆունտ կամ 108 դոլար արժողությամբ պլաստիլինից պատրաստվող պաղպաղակի սարքն է:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՋԵՅՄՍ ԲՈՆԴԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 3 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Aston Martin DB5-ի խորհրդանշական կրկնօրինակը, որն օգտագործվել է Ջեյմս Բոնդի «Մեռնելու ժամանակ չկա» բլոքբաստերի հնարքների համար, աճուրդում վաճառվել է ավելի քան 3 միլիոն դոլարով:
«Քրիստի» աճուրդի տնից հայտնել են, որ մեծ վաճառքի հանված մեքենան, որն աշխարհում երկուսից մեկն է, գնել է անանուն գնորդը, հեռախոսի միջոցով:
Սա բարեգործական աճուրդ է: Վաճառքի են հանվել ոչ միայն Ջեյմս Բոնդի մեքենան, այլև Դենիել Քրեյգի զգեստները, Ջեյմս Բոնդի համար նախատեսված պարագաներ և հուշանվերներ:
ԳԵՐՄԱՆԻԱ
ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ՕԿՏՈԲԵՐՖԵՍԹ Է
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված երկամյա ընդմիջումից հետո Մյունխենի փողոցներով դարձյալ գարեջուր է հոսում. Օկտոբերֆեսթը եռում է, գերմանացիներն ու արտասահմանցի զբոսաշրջիկները խրախճանքների մեջ են:
Աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնն անցկացվում է 187-րդ անգամ: Արդեն մի քանի օր է, ինչ այն անցկացվում է, սակայն փառատոնի մասնակիցները բոլորովին էլ չեն հոգնել. նույն ոգևորությամբ ու կարոտով են այն նշում:
Հանրահայտ վրաններում մեծ գավաթներով գարեջուր վայելելուց բացի՝ այցելուները համերգների են ներկա լինում, ավանդական կերակրատեսակներ ճաշակում:
2019 թվականին Օկտոբերֆեսթն ավելի քան 3.3 միլիոն այցելու է ունեցել, այս տարի, կազմակերպիչների հավաստմամբ, նրանց թիվը հասնում է 3 միլիոնի, ինչը լավ ցուցանիշ են համարում:
Պետեր Ինզելկամեր (Օկտոբերֆեսթի խոսնակ) - Մարդիկ շատ լավ են ընդունում այս տոնը: Իհարկե, մասնակիցների մեծ մասը հիմնականում երիտասարդներն են: Անկախ ամեն ինչից՝ մարդիկ ցանկանում են գարեջուր վայելել և մի լավ զվարճանալ: Կարծում եմ, որ այս փառատոնում առաջին տեղում ուրախությունն է:
Հատկանշական է, որ նույնիսկ գարեջրի թանկացումը չի ստիպել մարդկանց հրաժարվել իրենց սիրելի փառատոնից, որի շնորհիվ Բավարիան զբոսաշրջիկների մեծ հոսքեր է ունեցել արտասահմանից: