ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ. ՓՐԱՅՍ
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հաղորդագրություններով, ըստ որոնց ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ ռազմագերիներին: Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել: «Այդպիսի վայրագությունների պատասխանատուները պետք է պատժվեն»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
«Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի ենթարկված հայ գերիների մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են»՝ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողութունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին։ Ադրբեջանի գործողությունները դատապարտելուց բացի, Ֆրանսիան կոչ է արել ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին:
ԺՈԼԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մելանի Ժոլին: «Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության վիճակի»,- գրել է դիվանագետը:
ԼՈՆԴՈՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ԿՀԵՏԱՔՆՆՎԵՆ
Բրիտանական դեսպանությունը սարսափած է ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից։ Նշված է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության հաղորդագրության մեջ: Լոնդոնը ողջունում է տեսանյութը համապարփակ քննության ենթարկելու Ադրբեջանի գլխավոր դատախազության հանձնառության մասին հայտարարությունը։ Ակնկալում, որ քննության արդյունքները կհրապարակվեն, իսկ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎ ԿՈԼՈՄԻՆԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Կոլոմինան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Բրյուսելում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները: «Հաճելի էր Բրյուսելում հանդիպել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Մենք քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առկա իրավիճակը Ժնևում արտաքին գործերի նախարարների կիրակնօրյա հանդիպումից հետո: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան:
ԱԷՄԳ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 4-5-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:
Վաղը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն Հայաստանի նախագահը, վարչապետը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։