Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի ամփոփումը և երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության արարողությունը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը փաստել է, որ տարիներ առաջ ինքը ևս «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի մասնակիցների շարքերում է եղել: «Տարիներ ի վեր «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթը խրախուսում և քաջալերում է երիտասարդներին, որը սկզբի համար գաղափարի իրականացման հնարավորություն է, իսկ հետագայում նաև կարող է եկամուտ հետապնդել: 2022 թ. պետությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, և ես երիտասարդներին կոչ եմ անում ավելի շատ զբաղվել գիտությամբ, հետազոտական և նորարարական գաղափարներ իրականացնելու համար ընտրել ճիշտ ղեկավարներ: Երբեմն դեպքեր են լինում, երբ կան ֆինանսավորում, գաղափար, թեմա, սարքավորումներ, բայց չկա լավ ղեկավար: Այս առումով էլ պետք է լրացնել բացերը և երիտասարդներին առաջ տանել»,- նշել է նա:
Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, այնուհետև ներկայացրել են իրենց աշխատանքների թեմաներն ու նորարարական գաղափարները: «ԱՐՓԱ» ինստիտուտի սահմանած առաջին (5000 ԱՄՆ դոլար) մրցանակին է արաժանացել՝ Նարինե Ամիրխանյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ), երկրորդ մրցանակին (ԱՄՆ 1000 դոլար)՝ Սվետլանա Հովհաննիսյանը (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոն)։
«ԱՐՓԱ» ինստիտուտի նորարարության մրցույթը կազմակերպվում է համալսարանական մակարդակով և գիտական տարբեր բնագավառներում քաջալերում է ուսանողներին, ասպիրանտներին ու երիտասարդ գիտնականներին, խրախուսում է աշխատանքային փոխհարաբերություններն ուսանողի, ասպիրանտի և դասախոսի միջև, որտեղ դասախոսը հանդես է գալիս որպես խորհրդատու: