Հայաստան այս տարի այցելած մոտ մեկ միլիոն 30 հազար զբոսաշրջիկները կազմակերպված տուրիզմից՝ այսինքն՝ տուրօպերատորների ծառայություններից, գրեթե չեն օգտվել: Պատճառները տարբեր են:
Վլադիմիր Գևորգյան (տուրիստական ընկերության տնօրեն) - Ունենք բազմաթիվ այցելուներ, որոնք, այո, դասական առումով համարվում են զբոսաշրջիկ, բայց կազմակերպված տուրիզմի առումով նրանք զբոսաշրջիկ չեն:
Հայաստան այցելողները հիմնականում կենտրոնացած են Երևանում կամ հարակից բնակավայրերում: Օգտվում են հիմնականում ծառայությունների ոլորտներից՝ տաքսի-հյուրանոց-ռեստորան, երբեմն նաև պատմամշակութային վայրեր: Կազմակերպված տուրիզմը դեռ հետքովիդյան ճգնաժամից լիարժեք դուրս չի եկել՝ ասում է տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը: Եթե Հայաստան եկածներն օգտվեին տուրօպերատորների ծառայություններից, նրանց ծախսած գումարները կվերաբաշխվեին նաև մարզերում՝ նպաստելով համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Մարդիկ անհատապես եկել են, իրենք են կառուցում իրենց ծրագիրը, օգտվում են տարատեսակ ծառայություններից՝ չիմանալով դրանց որակի մասին: Հանդիպում են չակերտավոր զբոսավարների, ոչ ճիշտ տեղեկատվություն են ստանում:
Կազմակերպված տուրիզմը ևս մեկ խնդրի է բախվում: Դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառով կրճատվել է տուրօպերատորների եկամուտը:
Վլադիմիր Գևորգյան (տուրիստական ընկերության տնօրեն) - Մենք ունեինք տուրեր, որոնք արդեն վաճառված էին իքս դոլարով, բայց երբ որ զբոսաշրջիկները արդեն Հայաստան եկան, մենք փոխարկեցինք, և մեր գումարը մոտավորապես 10-20 տոկոսով պակաս է ստացվում:
Նույնիսկ այս դժվարությունների պայմաններում զբոսաշրջային ընկերությունները շարունակում են գործել: Տուրընկերությունների ղեկավարները շեշտում են, որ քովիդի ժամանակ պետությունը տարբեր ծրագրերով ֆինանսապես օգնել է իրենց, բայց հիմա ևս, տարբեր պատճառներով պայմանավորված, իրենք նորից պետական աջակցության կարիք ունեն:
Մեխակ Ապրեսյան - Անհրաժեշտ է սուբսիդավորել: Առաջինը մենք խնդրել ենք Կառավարությանը սուբսիդավորել. առանց այդ էլ ամենատուժած ոլորտն է թե՛ կորոնավիրուսից, թե՛ պատերազմական վիճակից: Հիմա էլ արդեն դոլար-դրամ:
Եթե դրան էլ գումարվի ընդհանուր գնաճը, ստացվում է, որ կազմակերպված տուրիզմի ևս 30 տոկոսով ֆինանսական վնաս է կրում: Մինչդեռ սա այն ոլորտն է, որտեղ մատուցվող ծառայությունները պետք է մատչելի լինեն, որ համաշխարհային շուկայում Հայաստանի զբոսաշրջությունը լինի մրցունակ: Պետական աջակցությունը կարող է լինել նաև կարճաժամկետ՝ առաջարկում են մասնագետները, ինչը կարևոր է ոլորտում աշխատատեղերը պահպանելու տեսանկյունից:
Մեխակ Ապրեսյան - Սա հատկապես կարևոր է հիմա որոշ կարևոր հանգստավայրերի, զբոսաշրջային հանգստավայրերի համար. Ջերմուկը, մյուս մեր հանգստավայրերը, որոնք այս սեպտեմբերին Ադրբեջանի հանցավոր ագրեսիայի հետևանքով զգալիորեն տուժեցին:
Մասնագետները վստահ են՝ մոտ ենք 2019-ի ացելությունների ռեկորդային թվին՝ այդ տարի Հայաստան էր այցելել ավելի քան 1 միլիոն 894 հազար զբոսաշրջիկ: Զբոսաշրջային տարին շարունակվում է: