Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը ոչ միայն միջազգային ու պատերազմական, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, արձանագրում է միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը, նշում՝ Ադրբեջանի ձեռագիրը նույնն է ու չի փոխվում:
Տարոն Սիմոնյան (Իրավաբանական գիտությունների թեկնածու) - Պարզապես ռազմագերի չեն նրանք սպանում, այդ ռազմագերիներին սպանում են, որովհետև նրանք հայ են, էթնիկական ծագումը բերելով:
Ազգային ժողովի պատգամավորները սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը ներկայացրել են միջազգային գործընկերներին: Խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշում է ակնկալում:
Արման Եղոյան (ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ադրբեջանը, որոշակի չափի ճնշման դեպքում, ուղղակի պետք է հաշվի նստի այդ ճնշման հետ: Այս առկա քանակի ճնշումն իր ազդեցությունն ունենում է, այլ հարց է, որ դա բավարար չէ:
Արման Եղոյանի խոսքով՝ Եվրոպայում արձանագրում են Ադրբեջանի կատարած ոճրագործությունները, սակայն խուսափում են կտրուկ քայլերի դիմել, որովհետև այդ երկրի հետ ունեն առևտրային կապեր:
Արման Եղոյան - Պետք է վերջ ի վերջո պետությունները և ԵՄ ինստիտուտներն ընտրեն՝ իրենք արժեքներն են պաշտպանում, թե բիզնես են անում:
Բաքուն, օգտվելով տնտեսական լծակներից, իրեն թույլ է տալիս անգամ խախտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, նշում է Եղոյանը` ընդգծելով՝ Ադրբեջանը երկու անգամ խոստացել է վերադարձնել հայ ռազմագերիներին, սակայն դրժել է խոստումը:
Արման Եղոյան - Միջազգային խուլիգանություն է ուղղակի գնալ, նստել, համաձայնել որևէ բանի շուրջ, հետո գալ տուն ու ուղղակի դրժել, այն էլ` Վաշինգտոնի համաձայնությամբ կայացած պայմանավորվածությունը:
Որպեսզի Ադրբեջանի ռազմական հանցագործությունները կանխվեն, միջազգային ճնշումից բացի` դրանց պետք է տալ իրավական գնահատական, քրեական գործերին կցել նաև հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը, ասում է Տարոն Սիմոնյանը:
Տարոն Սիմոնյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մենք մի քանի գործեր կարողացել ենք բերել, և նաև Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործ կա, որը վերաբերում է ռասսայական խտրականության բոլոր ձևերի արգելմանը, և այս գործերի շրջանակներում սրանք լուրջ փաստական հանգամանքներ են, որ պետք է օգտագործվեն:
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ կան նաև այլ գործիքներ, որոնք կարելի է օգտագործել ընդդեմ Ադրբեջանի: Որպես օրինակ Սիմոնյանը նշում է «Պատանդ վերցնելու դեմ պայքարի մասին» կոնվենցիան:
Տարոն Սիմոնյան - Նրանք ռազմագերիներին և այլ անձանց, որոնց պահում են, օգտագործում են որպես պատանդ, քաղաքական դիվիդենտ շահելու համար, իսկ սա այս կոնվենցիայի ուղղակիորեն խախտում է:
Ռազմական հանցագործություններ կատարող Ադրբեջանի դեմ իրավաբանն առաջարկում է կիրառել իրավական ամբողջ զինանոցը, նաև ներպետական ընթացակարգերով դատել Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:
Հեղինակ` Նորայր Շողիկյան