Ինչպես վերահսկել ջրի որակը, ավելացնել քանակն ու կառավարել դրա սպառումը: Հոկտեմբերի 3-ին և 4-ին Հայաստանում անցկացվում է ջրային ոլորտում Ազգային քաղաքականության երկխոսության միջգերատեսչական խորհրդատվական հանձնաժողովի 20-րդ հանդիպումը: Հանձնաժողովի կազմում 35 անդամ է՝ շահագրգիռ մի քանի գերատեսչությունից, պետական մարմիններից, հասարակական սեկտորից ու միջազգային գործընկեր ու դոնոր կազմակերպություններից: Հանդիպման հիմնական թեման ջրային ոլորտի խնդիրներն են, մասնակիցները քննարկում-լուծումներ են փնտրում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի համոզմամբ՝ որակյալ ջուր ունենալու համար անհրաժեշտ են արդիականացված մաքրման կայաններ: Ջրի քանակն ավելացնելու տարբերակը երկրով հոսող կենարար հեղուկը տեղում կուտակելն է: Քննարկման մի ամբողջ հատված Սևանի խնդիրներին էր նվիրված: Լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները մեկնարկել են, բայց նոր թափ է պետք հաղորդել՝ վստահ են մասնակիցները: Մեր երկիրը նաև նոր ստանդարտներով կառուցված մաքրման կայանների կարիք ունի: Նպատակը Սևանի առողջացումն է ու մակարդակի բարձրացումը:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Բայց դա համալիր աշխատանք է՝ ջրամբարներ, խորքային հորեր, դրենաժային ջրեր, այսինքն՝ ամբողջ ջրային համակարգը պետք է կարողանա նպաստել, որ մենք չապավինենք Սևանի ջրին, որպես ոռոգման ջրի, այլ այն դիտարկենք որպես խմելու ռազմավարական պաշար:
Հայաստան խնդիրը ոչ այնքան ջրային ռեսուրսների քանակն է, որքան հնամաշ ենթակառուցվածքների պատճառով կորուստները: Ներդրումներն այդ խնդիրը լուծելու համար են անհրաժեշտ:
Գայանե Գաբրիելյան - Ձեր նշած բոլոր խնդիրները վկայում են, որ գնահատվել է մոտավորապես 3-10 մլրդ դոլար ներդրումների մասին, եթե մենք ուզում ենք ունենալ իդեալական ջրային ենթակառուցվածք:
Այս բոլոր խնդիրները վերհանելու ու լուծելու համար իրականացվում է՝ ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ ծրագիրը: Կազմակերպում ու ֆինանսավորում է ԵՄ-ն, Ավստրայի ու Ֆրանսիայի կառավարությունների որոշակի աջակցությամբ: Շահառուներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան ու Մոլդովան: Բյուջեն՝ 12.75 մլն եվրո է, որի առնվազն 1/5-ը ծախսվելու է Հայաստանի ջրային ոլորտի բարելավման վրա:
Ալեքսանդր Բելոկուրով (ՄԱԿ ԵՏՀ շրջակա միջավայրի հարցերով ներկայացուցիչ) - Հարցերի շրջանակը լայն է, դրանք վերաբերում են զարգացման պլանների մշակմանը՝ յուրաքանչյուր տարածաշրջանի համար, հարցեր կան ջրի և առողջության հետ կապված, տնտեսությանն ու ջրային ոլորտում ներդրումների հարցն է արդիական, միջսահմանային գործակցությունն է շատ կարևոր:
Որքան էլ Հայաստանում ջուրը որակյալ է՝ կարելի է ծորակը բացել ու խմել, չպետք է մոռանալ կլիմայի փոփոխության ազդեցության, բնակչության թվի ու ջրի օգտագործման ծավալների աճի մասին՝ ասում է ծրագիրը ներկայացնող Բելոկուրովը: Դրամաշնորհը, համոզված է, կթեթևացնի Հայաստանի ջրային պրոբլեմները: