Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նպատակով:
Նիստն իրավազոր է եղել: Նախագահող Վարդապետյանը նիստի մասնակիցներին առաջարկել է ներկայացնել հանձնաժողովի դատախազ անդամների թեկնածուներին:
Թեկնածու կարող է առաջադրվել դատախազի առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կողմից թեկնածու չի ներկայացվել, գլխավոր դատախազն անձամբ առաջադրել է թեկնածուին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կորյուն Սերոբյանին: Փակ-գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու համար նիստի մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:
Քվեարկությունից հետո հրապարակվել են արդյունքները, որոնց համաձայն՝ Կորյուն Սերոբյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 38 կողմ, մեկ դեմ ձայնով: