Որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար՝ այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենկ Փալոնին, Ջեքի Սփիերին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանը կոչ է արել իր գործընկերներին՝ շարունակել հասցեական գործողություններով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա՝ զսպելու Հայաստանի նկատմամբ որևէ տեսակի ագրեսիա, ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ադրբեջանական զորքերը, անհապաղ վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին, պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների բոլոր մեղավորներին։