«Իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության՝ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել»,- հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արձագանքելով «Հայկական ժամանակում» այսօր հրապարակված հոդվածին, որում «գաղտնազերծվել են» Հայաստանից Ադրբեջանի պահանջները:
Գարեգին Երկրորդի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Արցախի նախկին երկու նախագահների հետ հանդիպումից հետո Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ մյուս նախկին նախագահները, ոչ էլ Վեհափառը տեղեկություն չունեն, թե ինչ գործընթացներ են այս պահին տեղի ունենում, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը Հայաստանին ինչ են առաջարկում։ Տեր-Պետրոսյանը իշխանությանն ու ընդդիմությանը առաջարկում էր մեկ սեղանի շուրջ նստել և քննարկել, թե ճակատագրական այս իրավիճակում ինչ է պահանջվում Հայաստանից, միջազգային համայնքն ինչ է առաջարկում, և հնարավոր լուծումներից ընտրել ամենաքիչ ցավոտը և համատեղ որոշում կայացնել։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Ըստ «Հայկական ժամանակում» հրապարակված «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդվածի՝ Ադրբեջանի պահանջները Հայաստանից հետևյալն են.
1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով:
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է՝ հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Ահա այս կետերը համարելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման ադրբեջանական պահանջների բացահայտում՝ առաջին նախագահի մամուլի խոսնակը տարածած հայտարարությունում նշել է.
Արման Մուսինյան (ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ) - Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:
Ի դեպ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը ոչ թե ԼՂ պաշտպանության բանակի լուծարման մասին է, այլ Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերման, ինչը և հայկական կողմն իրագործել է: Ինչ վերաբերում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին՝ սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա դե յուրե նշանակություն ունեցող հիմքերի վրա:
Խոսելով միջանցքի մասին՝ Հայաստանի իշխանությունները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել են՝ ՀՀ տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չի տրվելու:
Ինչ կետերի շուրջ է բանակցությունը հնարավոր համարում Հայաստանը՝ դեռ հրապարակված չէ: