Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել, պատվոգրով ու շնորհակալագրերով է պարգևատրել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանին ու մի շարք աշխատակիցների՝ կենտրոնի հիմնադրման 25-ամյակի, հայագիտությանը մեծ նվիրվածություն ցուցաբերելու, անբասիր աշխատանքի համար։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
«Ես կարևորում եմ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի առաքելությունը և ձեր յուրաքանչյուրի ներդրումը կենտրոնի կայացման ու անցած 25 տարիներին ունեցած ձեռքբերումների գործում։ Ուրախ եմ, որ կարողացել ենք արդեն համագործակցել և վստահ եմ, որ առաջիկայում նոր համատեղ նախաձեռնություններով հանդես կգանք՝ ի նպաստ մեր մարզի, մեր երկրի։ Վստահ եմ, որ գիտական հանրույթը ուշադրության ու հոգացավ վերաբերմունքի կարիք ունի։ Մեր երկրի համար գիտելիքահեն հասարակությունն առավել քան կարևոր է և ձեր դերն ու նշանակությունն այս հարցում անուրանալի է»,- նշել է Շիրակի մարզպետը։
Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները շնորհակալություն են հայտնել մարզպետին` ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար։
«Մեզ համար շատ կարևոր է ձեր վերաբերմունքը գիտության, հատկապես, հայագիտության նկատմամբ ձեր հոգատար մոտեցումը։ Առանձնակի ուրախալի է, որ համագործակցության ու նոր նախաձեռնությունների մասին եք խոսում, սիրով ընդունում ենք ու պատրաստ ենք համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման»,- նշել է «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպելու՝ 2023-ին գիտական ու մշակութային նախաձեռնություններում համագործակցության նոր ծրագրերը քննարկելու համար։