ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում՝ նա կարևորել է համագործակցությունն աշխարհի բոլոր եզդիական համայնքների հետ: Հանձնաժողովի փոխնախագահը մանրամասն ներկայացրել է Հայաստանի եզդիական համայնքի վիճակը, նրանց խնդիրները:
«Եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են»,- ասել է Ռուստամ Բաքոյանն ու հավելել, որ Հայաստանում առկա են բոլոր պայմանները՝ եզդիական ինքնությունը պահպանելու համար:
Նա նաև կարևորել է այն հանգամանքը, որ իր նախաձեռնությամբ ընդունվել է Ազգային փոքրամասնությունների օրվա մասին օրենք. այն նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Պատգամավորի նախաձեռնությամբ ընդունված երկրորդ օրենքով եզդիները հնարավորություն ունեն տարվա մեջ 4 օր արձակուրդ վերցնելու և մասնակցելու եզդիական տոներին:
Ռուստամ Բաքոյանը խոսել է ներհամայնքային խնդիրներից, նշել, որ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են եզդիական համայնքին հուզող հարցերը:
«Հայաստանում եզդիներն ապրում են այնպես, ինչպես հայերը»,- նշել է ԱԺ պատգամավորը:
Ազադ Ջունդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտադրել է Հայաստանի և Իրաքի եզդիների համագործակցության անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է Հյուսիսային Իրաքում ապրող եզդիների վիճակին: Նշվել է, որ շուրջ 600 000 եզդի փախստականի վիճակը՝ սոցիալապես և քաղաքականապես, ծայրահեղ ծանր է:
«Մենք ցանկանում ենք, որ Շանգալի եզդիների ձայնը լսելի լինի ամբողջ աշխարհում նաև Ձեր միջոցով»,- ասել է Ազադ Ջունդին:
Նրա հավաստմամբ՝ մեծ պատիվ է Հայաստանի օրենսդիր իշխանությունում եզդի պատգամավոր ունենալը, որը բարձրաձայնում է եզդիական համայնքին հուզող հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներհամայնքային բազմաթիվ այլ հարցեր: