Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է սովորելու առնչությամբ տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28:
«27 տարի էր սահմանափակումն այն ժամանակ, երբ հանրակրթությունը 10 տարի տևողություն ուներ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նախատեսվում է նաև Կառավարությանը լիազորել, որ նա ամեն տարի կարողանա տարկետում տալ բուհ ընդունված կամ կրթական տարբեր ծրագրերում՝ մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին:
«Կառավարությանը տրվում է լիազորություն բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտություններում սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որտեղ կարող են ընդունվել մեր դիմորդները՝ ստանալով տարկետման իրավունք: Այդ ուղղությունները կընտրվեն ըստ գերակայությունների, ըստ անհրաժեշտության: Նպատակը՝ որպեսզի մեր բուհերի դռները բացվեն մեր դիմորդների առջև պետության համար որոշ կարևորագույն ուղղություններով»,- ասաց Դումանյանը: