Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու նպատակով ՀՀ կառավարությանը կվերապահվեն լիազորող նորմեր:
«Քաղաքաշինության մասին» օրենքում առաջարկվող լրացումը ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում ներկայացնելով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքված տվյալների համաձայն՝ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով՝ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է հանրապետության մոտ 19 000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը: Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1 200 անհատական բնակելի տուն, որից մոտ 1 000-ը՝ բնական աղետների հետևանքով:
Առաջարկվող լրացմամբ սահմանվում են ուժեղացման և վերակառուցման ու քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը: Կսահմանվեն նաև բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան՝ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է առաջիկա միջոցառումները: Քննարկվող լիազորող նորմերի ընդունմանը կհաջորդի բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելուն առնչվող Կառավարության որոշման նախագծի մշակումը: «Ըստ տեխնիկական վիճակի գնահատականի՝ կկարողանանք հասկանալ, թե ինչ պատկեր ունենք, որից հետո ձեռնամուխ կլինենք կոնկրետ միջոցառումների իրականացմանը»,-ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Արմեն Ղուլարյանը պարզաբանել է, որ թեև կանոնակարգերն ու ընթացակարգերը պետք է վերաբերեն եւ՛ անհատական բնակելի տներին, եւ՛ վթարային բազմաբնակարան շենքերին, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բազմաբնակարան շենքերն ավելի խոցելի են:
Պատգամավոր Հայկ Ցիրունյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: