Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է հետաքննվեն՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համացանցում շրջանառվող՝ հայ և ադրբեջանցի զինծառայողների սպանության տեսանյութերի մասին RT լրատվականի հարցին։
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Այդ տեսանյութերը լի են ծայրահեղ դաժան կադրերով։ Կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ ուսումնասիրել տեսանյութերը, այդ թվում՝ բացահայտելու ռազմական հանցագործությունների հատկանիշները։ Եթե այդ փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ աջակցություն տրամադրել։
Ադրբեջանցի զինծառայողների կողմից կայ ռազմագերիների կանխամտածված սպանության վերջին տեսանյութը հետաքննելու կոչով է հանդես եկել նաև ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
Պետեր Ստանո (ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ) - Սոցցանցերում պտտվող այդ սարսափելի տեսանյութերը ներկայացնում են ռազմական հանցագործության ակտեր, դա միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: Եվրոպական միությունը դատապարտում է մարդկության դեմ հանցագործության ցանկացած փորձ: Հատկապես վերջին տեսանյութում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ ռազմագերիներին: Կոչ ենք անում համապատասխան մարմիններին՝ համապարփակ հետաքննություն անցկացնել։ Նման սարսափելի արարք կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք եվրոպական կողմը և, մասնավորապես, ՄԻԵԴ-ը, չպե՞տք է ներգրավվեն ռազմական հանցագործությունների հետաքննությանը, Ստանոն պատասխանել է.
Պետեր Ստանո - Եվրամիությունը հետաքննող մարմին չէ: Վերջին տեսանյութում Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով զինվորները սարսափելի պատերազմական հանցագործություն են իրականացնում, այնպես որ հենց Բաքվի շահերից է բխում հետաքննել տեսանյութը՝ ապացուցելու աշխարհին, որ դա այդ երկրի քաղաքականությունը չէ: Հետաքննության արդյունքներով Եվրամիությունը կորոշի իր անելիքը։
Մեր դիրքորոշումը հստակ է: Եվրամիությունը մեծապես ներգրավված է երկու երկրի միջև բանակցությունները հեշտացնելու գործընթացին՝ ինչպես խորհրդի նախագահ Շառլ Միշելի, այնպես էլ Ժոզեպ Բորելի և տարածաշրջանում մեր հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մակարդակով: Բռնությունը չի կարող լուծում լինել, այն պետք է դադարեցվի:
Ստանոն հավատացրել է՝ Եվրամիությունը կշարունակի ջանքերը՝ բացառելու նման բռնությունները, բախումները և միջազգային իրավունքի ակնհայտ խախտումները։
Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին փաստող տեսանյութերին և հակահայկական ագրեսիվ հռետորաբանությանն են անդրադարձել նաև այլ օտարերկրացի պաշտոնյաներ:
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը որակել է Բաքվի ռեժիմի հերթական բարբարոսություն։
«Արդյոք սրանք այն մարդիկ չե՞ն, որոնց հետ Դուք պայմանավորվածություններ եք ձեռք բերել և որոնց վստահելի գործընկեր եք համարում, տիկի՛ն Ֆոն դեր Լայեն»,- Եվրահանձնաժողովի նախագահին իր հարցն է ուղղել Ինյարիտուն։
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն քննադատել է եվրոպական լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին չարձագանքելու համար։
«Հայերի արյունն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիների արյունը»,- Թվիթերում գրել է Բուայեն։
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելն էլ մեկնաբանել է հայ ռազմագերիների գնդակահարության մասին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին թվիթը՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պատերազմական հանցագործների նկատմամբ:
«Մենք գիտենք նաև Ադրբեջանի բանտերում խոշտանգումների այլ դեպքերի մասին: Մենք գիտենք մեղավորների անունները. անհատական պատժամիջոցներ են անհրաժեշտ»,- գրել է Տաուբադելը։
2020 թվականի պատերազմի ռազմական հանցագործությունների անպատժելիությունն ու հետաքննության բացակայությունը խթանում են նոր վայրագություններ՝ նման հայտարարությամբ էլ հանդես է եկել «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ նույնպես անդրադառնում են Ադրբեջանի վայրագություններին և հայ ռազմագերիների խոշտանգմանն ու սպանություններին:
Օրինակ՝ իսպանական El País թերթը, մասնավորապես, գրել է՝ «Բաքուն հարձակվել է Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա, այդ երկիրը հզոր աջակցություն է ստանում Թուրքիայից: Իսկ հայ գերիների սպանության տեսանյութերը պետք է հետաքննվեն, մեղավորները պետք է պատժվեն»: