ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանը 2022 թվականի հոկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:
ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 11-ին: