ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ. ԴԵՆԴԻԱՍ
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Պրոտո ֆեմա» թերթին տված հարցազրույցում նշել է՝ Կովկասում իրավիճակը բարդ է: Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
«Այդ լարվածությունը կարող է գոյութենական սպառնալիքի վերածվել Հայաստանի համար։ Առկա մարտահրավերները պետք է լուծվեն համատեղ ջանքերով: Միաժամանակ պետք է հստակ ուղերձ հնչեցնել, որ միջազգային իրավունքի խախտումները հետևանքներ կունենան»,- ընդգծել է նախարարը: Դենդիասը նշել է, որ մտադիր է այս խնդիրները բարձրացնել իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ շփումներում։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՍԱԼԻՎԱՆ-ՔԱԼԸՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Ազգային անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին:
«Պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին աջակցությունը, Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա խնդիրները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու անհրաժեշտությունը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻ» ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Թուրքիա այցի շրջանակում Ջեյք Սալիվանի և Իբրահիմ Քալընի հետ քննարկել է Ուկրաինայի ԶՈՒ առաջնահերթ կարիքները, ընդգծել մինչև ՆԱՏՕ-ին անդամակցությունը Կիևին անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրման կարևորությունը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակից տեղեկացրել են նաև, որ Անդրեյ Երմակը հանդիպել է «Բայքար» ընկերության ղեկավարների հետ, քննարկել Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսելու հարցը։ Երմակը Վոլոդիմիր Զելենսկու անունից «Արժանիքների համար» երրորդ աստիճանի շքանշան է հանձնել «Բայքար» ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարին։
ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ 9 ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՆԱՏՕ-ի անդամ 9 պետություն՝ Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Սլովակիան, Չեռնոգորիան, Չեխիան, Էստոնիան և Ռումինիան, աջակցություն են հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։ Նախագահների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ պետությունները աջակցություն են հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չեն ճանաչում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում հանրաքվեների արդյունքները:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին անդամակցության՝ սեպտեմբերի 30-ին Զելենսկու ստորագրած հայտին, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը, սակայն նոր անդամներ ընդունելու որոշումը պետք է կայացնեն դաշինքի բոլոր երկրները։ Նա հավելել է՝ այժմ ԱՄՆ-ը կենտրոնացած է Կիևին ռազմական աջակցություն տրամադրելու վրա:
ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչն էլ հայտարարել է՝ եթե Կիևը դառնա դաշինքի անդամ, լայնածավալ պատերազմի վտանգը կմեծանա։ Հակամարտության մասնակից կդառնա 30 պետություն. «ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկանում ռազմական գործողություններ իրականացնել»,- նշել է նա։
ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՌԴ-ՈՒՄ ՆՈՐ ՇՐՋԱՆՆԵՐ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմ ընդգրկելու մասին պայմանագրերը։
Փաստաթղթերում դրույթներ կան նաև նոր սուբյեկտների սահմանների մասին: Որպես շրջանների սահմաններ կճանաչվեն Ռուսաստանի կազմում դրանց ընդգրկվելու օրվա դրությամբ արձանագրված սահմանները: Պետդուման փաստաթղթերի փաթեթը կքննարկի այսօր նախատեսված նիստում, իսկ Դաշնության խորհուրդը՝ հոկտեմբերի 4-ին:
ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 125 ՄԱՐԴ
Ինդոնեզիայի առաջնության հանդիպումից հետո սկսված անկարգությունների զոհ է դարձել 125 մարդ՝ հայտնում են տեղական իշխանությունները: 100-ից ավելի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Ինդոնեզիայի Մալանգ քաղաքի մարզադաշտում հոկտեմբերի 1-ին կայացել է «Արեմա» և «Պերսեբայա» ֆուտբոլային թիմերի հանդիպումը, ինչից հետո անկարգություններ են սկսվել, պարտված թիմի երկրպագուները խաղադաշտ են մտել, ոստիկանության աշխատակիցները արցունքաբեր գազ են կիրառել: Լրատվամիջոցների տվյալով՝ դա խուճապի և հրմշտոցի պատճառ է դարձել։ Նշվում է, որ արցունքաբեր գազի պատճառով մարդկանց մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: