Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 53-ի: Ըստ աղբյուրի՝ 110 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ մահացածներից առնվազն 46-ը աղջիկներ և երիտասարդ կանայք են: Առաքելության իրավապաշտպանները շարունակում են պարզաբանել ողբերգության հանգամանքները, զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը։
Ավելի վաղ նշվում էր 43 զոհի և 83 վիրավորի մասին:
Սեպտեմբերի 30-ին Ariana News հեռուստաալիքը հայտնել էր Աֆղանստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Քաջ կրթական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հաստատել է պայթյունի մասին տեղեկությունը։
Վերջին ամիսներին Աֆղանստանի մի շարք նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքի շրջանում, տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, զինված հարձակումներ և կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել են ինչպես թալիբներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: «Իսլամական պետությունը Խորասանում», որն արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղն է, ստանձնել է այս դեպքերից շատերի պատասխանատվությունը: