Հոկտեմբերի 5-7-ը «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում կանցկացվի «Էքսպո-Ռուսաստան-Հայաստան-2022» միջազգային արդյունաբերական 9-րդ ցուցահանդեսը և Երևանի 7-րդ բիզնես ֆորումը։
Սվետլանա Զաբելինա («Զարուբեժ էքսպո» ընկերության ցուցահանդեսային նախագծերի ղեկավար) - Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ կունենանք առցանց ցուցահանդես: Expoeurasia.org կայքում կարող եք տեղեկություն ստանալ բոլոր ներկայացված ընկերությունների մասին և կապ հաստատել անգամ իրենց հետ:
Գործարար համաժողովի շրջանակում նախատեսված են էներգետիկայի, բժշկության և դեղագործության, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, տրանսպորտի, գիտության և կրթության ոլորտներին առնչվող քննարկումներ, կազմակերպվելու են գործարար հանդիպումներ պոտենցիալ գործընկերների հետ:
Անատոլի Նիկոլաև («Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն) - Ծրագիրն իրեն արդարացնում է, որովհետև տարբեր ոլորտների ներկայացուցիչներ շփվում են միմյանց հետ, քննարկում իրենց ոլորտն ու գործնական նոր հարաբերություններ ձևավորում:
Կազմակերպիչը «Զարուբեժ էքսպո»-ն է: Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և առևտրային ներկայացուցչության, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, Ռուսաստանի ոլորտային նախարարությունների, Հայաստանի Կառավարության, խորհրդարանական և գործարար շրջանակների աջակցությամբ, նաև Հայաստանի արդյունաբերական պալատի և Մոսկվայի արդյունաբերական պալատի աջակցությամբ:
Աննա Դոնչենկո (Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ) - 2022 թ. առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 2 մլրդ դոլար, ինչը մոտ 50%-ով ավելի է 2021-ի առաջին կիսամյակի ցուցանիշից: Այսպիսի ցուցահանդեսները հիմք կհանդիսանան նոր գործակցությունների և համատեղ նոր ծրագրերի համար:
Ցուցահանդեսի նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական գործակցության զարգացումն է:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան