Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Գերմանիայի ժողովուրդը 32 տարի առաջ կյանքի կոչեց ինքնորոշման իրավունքը՝ խաղաղ ճանապարհով սկիզբ դնելով Գերմանիայի վերամիավորմանը և դրանով իսկ նոր էջ բացելով համաշխարհային քաղաքականության ու միջազգային հարաբերությունների պատմության մեջ:
Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման վառ օրինակ է և կարևոր ավանդ ունի մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ ձևավորված փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Բարձր ենք գնահատում Գերմանիայի հետևողական աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ ներկայիս բարդ և բազմաբնույթ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում»: