ՊԵՏԴՈՒՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է 4 ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ ՌԴ ԿԱԶՄ
Պետդուման միաձայն վավերացրել է Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի՝ Ռուսաստանի կազմ ընդգրկելու մասին պայմանագրերը։ Խերսոնը և Զապորոժիեն կընդգրկվեն ՌԴ կազմ ներկայիս արձանագրված սահմաններով, իսկ Դոնեցկի և Լուգանսկի սահմանները կամրագրվեն նրանց սահմանադրության համաձայն: Պայմանագրերի համաձայն՝ շրջանները կպահպանեն իրենց ներկայիս անվանումները։ Չորս շրջանի բնակիչներին հեշտացված կարգով կտրամադրվի ՌԴ քաղաքացիություն:
Դաշնության խորհուրդը փաստաթղթերը կդիտարկի հոկտեմբերի 4-ին:
Պաշտոնական Կիևը և մի շարք երկրներ խստորեն դատապարտել են 4 շրջանի ընդգրկումը ՌԴ կազմ՝ դա որակելով բռնակցում:
ՀԱՊԿ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության գոտում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակցության հարց օրակարգում չկա՝ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ Ռուսաստանի կազմում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ընդգրկվելու հարցով հանրաքվեների արդյունքների կապակցությամբ։
«Ղազախստանն առաջնորդվում է պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխան հավասարության և խաղաղ գոյակցման սկզբունքով՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան: Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հստակ որոշված է՝ ըստ կազմակերպության անդամ երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքների, հավաքական անվտանգությունն ապահովվում է միայն այդ տարածքների ներսում»,- պարզաբանել է Այբեկ Սմադիարովը։
ՄՈՍԿՎԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԻԵՎԻ ՓՈՐՁԵՐԻՆ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ին միանալու Կիևի փորձերին՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է՝ դաշինքին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունն է եղել հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը։
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությանը, հավատացրել՝ Մոսկվան նման քայլի կարող է գնալ միայն համապատասխան դոկտրինի դրույթների համաձայն։
Ըստ ռուսական միջուկային դոկտրինի՝ միջուկային զենքի կիրառումը հնարավոր է, եթե թշնամին զանգվածային ոչնչացման զենք օգտագործի Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ, եթե Ռուսաստանի և նրա դաշնակիցների վրա բալիստիկ հարձակման մասին հավաստի տեղեկություններ ստացվեն, և եթե վտանգվի երկրի գոյությունը:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐՍԿՍԵԼ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դիմել է Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն, կոչ արել նախագահներին վերջ տալ արդեն 7 ամիս տևող հակամարտությանը և վերսկսել խաղաղ երկխոսությունը։
«Միջազգային հանրության մյուս բոլոր ներկայացուցիչներին հորդորում եմ անել հնարավորը՝ դադարեցնելու պատերազմն առանց վտանգավոր էսկալացիաների: Ուկրաինայում կործանարար և վտանգավոր զարգացումներ են ընթանում. դա շատ մտահոգիչ է»,- ընդգծել է Հռոմի Պապը։
Նա նաև կոչ է արել հարգել մարդկային կյանքերը և երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Իրանի միջուկային ծրագրին վերադառնալու շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները շարունակվում են ԵՄ համակարգողի և այլ միջնորդների միջոցով՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Նասեր Քանանին հավելել է, որ քննարկվում է նաև հակաիրանական պատժամիջոցների չեղարկման հարցը։ Նա հավատացրել է՝ Թեհրանը վճռական է տրամադրված և ցանկանում է կայուն համաձայնության հասնել: