Կրեմլը լսել է Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին, ինչպես նաև դրա վերաբերյալ տարբեր արձագանքները: Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին և հիշեցնում է, որ դեպի դաշինք Կիևի կողմնորոշումը դարձավ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառներից մեկը՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան դիմում է ՆԱՏՕ-ին՝ արագացված հիմունքներով միանալու համար։ «Այդ ընթացակարգի իրականացումն այժմ ժամանակավրեպ է»,- ավելի ուշ հայտարարել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ սեփական ճանապարհը որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն, ներկա դրությամբ, իր ջանքերը կկենտրոնացնի Կիևի պաշտպանությանն ուղղված օգնության վրա։