Խաբարովսկի շրջանի բնակիչների կեսը, որոնք զորակոչվել են մասնակի զորահավաքի շրջանակներում, վերադարձել է տուն, քանի որ չի համապատասխանել ծառայության անցնելու չափանիշներին: Այս մասին տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը հայտնել է իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։
«Տասն օրվա ընթացքում ծանուցագիր են ստացել և զինկոմիսարիատ ժամանել մի քանի հազար մեր հայրենակիցներ։ Նրանց գրեթե կեսը վերադարձել է տուն, քանի որ չի համապատասխանել զինվորական ծառայության պայմանագրով ընտրության չափանիշներին: Մեր նախագահի առաջադրած նպատակներին հասնելու համար աշխատանքները շարունակվում են»,- ասել է Դեգտյարյովը։
Նա նաև պատմել է Խաբարովսկի մի քաղաքացու մասին, որը մենակ է մեծացնում հաշմանդամ աղջկան։ «Այսօր այդ մարդն արդեն տանն է, որտեղ նա ոչ պակաս անհրաժեշտ է, քան առաջնագծում: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ մասնակի զորահավաքը վերաբերում է միայն պաշտպանության նախարարության և նախագահի հաստատած չափորոշիչներին»,- նշել է Դեգտյարյովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել երկրում մասնակի զորահավաք անցկացնելու մասին: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ պահեստազորից զորակոչվելու է 300 հազար մարդ, առաջին հերթին նրանք, ովքեր ունեն մարտական ծառայության փորձ և զորքերին անհրաժեշտ մասնագիտություն: