Իջևանը՝ Հայաստանի հյուսիսի մշակութային կենտրոն: Տավուշի մարզկենտրոնը շահել է EU4Culture ծրագրի դրամաշնորհը և Եվրամիությունից կստանա 300.000 եվրո՝ քաղաքի մշակութային զարգացման ռազմավարություն իրականացնելու համար:
Լիլիթ Ղալումյան (Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ) - Առաջին հերթին մենք փորձելու ենք ճանաչելի դարձնել Իջևան համայնքը բրենդինգի միջոցով, դա իրականացնելու ենք երկրորդ փուլով: Ունենք ենթադրամաշնորհների մեծ փաթեթ, որով նախատեսված է արվեստի և արհեստի ներկայացուցիչների ներուժի զարգացման, նաև տուրիզմի զարգացման համար, որն էլ կնպաստի տնտեսության զարգացմանը մշակույթի միջոցով:
Դրամաշնորհային ծրագիրը սկզբում նախատեսված էր միայն Իջևան քաղաքի համար:
Խոշորացումից հետո այն այժմ ընդգրկում է համայնքի բոլոր 19 բնակավայրերը: Մշակութային ապակենտրոնացված զարգացում, բնակչության ստեղծագործ և նախաձեռնողական մտածողության խրախուսում՝ ծրագրի առաջնահերթություններն են:
Նառա Մնացականյան (Տավուշի նորարարական հաբի համակարգող) - Ես այս նախագծում կլինեմ որպես քարտեզագիր և կփորձեմ համագործակցել համայնքապետարանի հետ, որպեսզի կարողանանք մշակութային կարողունակությամբ քարտեզներ ստեղծել:
Ծրագրի նպատակն ուժեղ և համագործակցող մշակութային դաշտի ստեղծումն է՝ մշակութային տնտեսության զարգացման և մշակութային ժառանգության պահպանման խթանման միջոցով: Երրորդ բաղադրիչով էլ կիրականացվեն արվեստի և արհեստի փառատոներ:
Լիլիթ Ղալումյան - Оրինակ՝ Խաշթառակ համայնքում նկարահանված հայտնի ֆիլմի անունով՝ «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը կլինի: Ունենալու ենք նաև այլ փառատոներ, որոնք կապահովեն շարունակական բնույթ: Մենք ունենք Քանդակների պուրակ, որտեղ 5 տարի իրականացվել են փառատոներ, և պետք է այնպես անենք որ մուրճի զրնգոցը միշտ լսվի:
Մշակութային զարգացման ծրագրի նախորդ փուլում Իջևան, Սևան և Չարենցավան քաղաքները ստացել են 30.000-ական եվրոյի դրամաշնորհ: EU4Culture ծրագիրը կշարունակի համագործակցությունը երեք քաղաքների հետ՝ աջակցելով կարողությունների զարգացմանը, թե ինչպես պետք է օգտագործել քաղաքի ողջ ներուժը միջազգային մշակութային գործակցությամբ:
Լիլիթ Ղալումյան - Ծրագրի իրականացման ընթացքում կօգտագործվի նաև էլեկտրոնային հարթակը, որտեղ կլինեն համայնքում կատարվող փոփոխությունները: Առաջին քայլը լինելու է այն, որ համախմբենք Իջևանի արվեստի և արհեստի մարդկանց:
EU4Culture ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների՝ մայրաքաղաք չհանդիսացող մեծ ու փոքր քաղաքների մշակութային զարգացման ծրագրերին:
Մեկնարկը 2021-ին է տրվել, կավարտվի 2024-ին, մշակութային զարգացման ծրագրերի իրականացման համար ԵՄ-ն ներդնելու է 7.85 միլիոն եվրո: