Արհեստական բանականությունն ու նորագույն տեխնոլոգիաները նորից Հայաստան կբերեն աշխարհի առաջատար մասնագետներին: Երևանում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը կանցկացնի գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ը:
Արմեն Օրուջյան (Հայաստանի գիտության և տեխնոլոգների հիմնադրամի (FAST) տնօրեն) - Դժվար կլինի ամբողջ գիտական կազմը կամ մեր ձեռներեցներին ուղղակի ուղարկես արտասահման, որ նրանք կարողանան համ գիտելիք, համ կապեր ձեռք բերեն: Նպատակը՝ Հայաստանում ստեղծել մի հարթակ, որը կբերի այդ ինֆորմացիան հենց մեր ափերը, կբերի այդ մարդկանց մեզ մոտ:
Ամենամյա միջոցառումն այս տարի կունենա «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը: FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը հիշում է՝ 2017-ին կազմակերպված առաջին աշխատաժողովի ընթացքում Հայաստանում շատ քիչ էր արհեստական բանականությամբ հետաքրքրվողների թիվը:
Արմեն Օրուջյան - Հաջորդ տարիների ընթացքում հա՛մ քանակը մարդկանց, որոնք զբաղվում էին արհեստական բանականությամբ, ավելացավ, հա՛մ էլ մարդկանց գործողությունը ավելի խորն էր արհեստական բանականության:
Արհեստական բանականության ազդեցությունը կրթության, ֆինանսական համակարգի, գյուղատնտեսության, բժշկության մեջ՝ ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների ընդամենը մի մասն են: Ելույթներ ու դասախոսություններ կունենա աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 80 մասնագետ:
Արմեն Օրուջյան - Նուբար Աֆեյանը, որ կլինի մեզ մոտ, մեր ամենագլխավոր խոսնակն է: Ունենք «Փիքսարթ»-ի Հովիկը Ավոյանը, «Քրիսպ»-ից Արտավազդը, բավականին նաև շատ մեծ, հզոր ընկերություններ՝ «Էյփլ»-ից, «Հուավե»-ից, «Տոտալ»-ից:
Հայաստանում այսպիսի ֆորումների իրականացումը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևոր է համարում: Ջի Այ Էֆ-2022-ն անցկացվում է Կառավարության բարձր հովանու ներքո:
Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ) - 2021-2026 թվականների Կառավարության ծրագրում Կառավարությունը որդեգրել է գիտելիքահենք և նորարարական տնտեսությունը որպես զարգացող տնտեսության նոր տեսլական, և մենք ամեն ինչ անում ենք, որ այս տեսլականը լինի իրատեսական և իրականանալի: Այս ճանապարհին մենք փորձում ենք համագործակցել մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների հետ:
Արհեստական բանականության ոլորտում պետական հատվածի և մասնավոր ոլորտի գործակցության լավագույն արդյունքներից մեկը հենց գլոբալ ինովացիոն ֆորումն է՝ ընդգծում է փոխվարչապետը:
Համբարձում Մաթևոսյան - Կքննարկենք տեխնոլոգիաների ազդեցությունը մեր առօրյա կյանքի վրա և արհեստական բանականության ասպեկտները տնտեսության ոլորտներում, օրինակ՝ գյուղատնտեսությունում, առողջապահությունում, ֆինանսներում և կրթության ոլորտներում:
Գլոբալ ինովացիոն 4-րդ ֆորումը Երևանում կկայանա հոկտեմբերի 5-6-ը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան